«Այնտեղ վախ չկար»․ Ալեքսանդր Գրիգորյանը՝ արցախյան պատերազմի և իր «ուրարտական» շրջանի մասին

Ալեքսանդր Գրիգորյանը վստահեցնում է, որ երևանյան ակումբից հեռացել է ընտանեկան հանգամանքների պատճառով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 մարտի – Sputnik. «Ուրարտու» ակումբի նախկին մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանը «Սպորտ-Էքսպրես» կայքի հետ զրույցում ասել է, որ հայ ֆուտբոլիստները արցախյան պատերազմի ժամանակ տարբեր զգացողություններ են ունեցել, բայց ոչ վախ։

«Վախ չկար։ Լրիվ այլ վիճակ էր, հատկապես տեղացի խաղացողների դեպքում։ Կասեմ այն, ինչ կա` բոլոր հայերի համար դա շատ անձնական թեմա է։ Ես բավականին մեծ ակումբում էի աշխատում։ Որպեսզի հասկանալի լինի, ասեմ, որ մեր ակումբի աշխատակիցները պատերազմի դաշտում էին ու վիրավորվել էին։ Նրանցից 3-ը մահացան։ Մեկի հետ ես հասցրել էի ընկերանալ․ նա մեծ սիրտ ու մաքուր մտքեր ունեցող մեծ մարդ էր։ Կարծում եմ, որ տեղացի ֆուտբոլիստների մեծ մասը դեռ ուշքի չի եկել»,-ասել է մարզիչը։

Խոսելով ղարաբաղյան հակամարտության մասին` Գրիգորյանն այն անվանել է «հայ ժողովրդի գործը»։ Նրա խոսքով՝ Արցախի պատերազմը շատ բան կփոխի Հայաստանի կյանքում, այդ թվում՝ տնտեսական։

«Այդ պատերազմի ժամանակ երկու կողմից էլ հազարավոր երիտասարդներ զոհվեցին։ Իսկ ո՞վ է պատասխան տալու դրա համար։ Նրանք լավագույն տղաներն էին, պաշտպանում էին իրենց երկիրը, նրանք սահմանին էին։ Իմ գլխում շատ հարցեր են առաջացել, որոնց պատասխանը ես ինքս եմ ինձ տվել»,-խոստովանել է Ալեքսանդր Գրիգորյանը։

«Իմ ժողովուրդն ավելի ուժեղ է, քան կարծում եք». վլոգերը պատերազմից հետո այցելել է Արցախ

Մասնագետի կարծիքով՝ ցանկացած պատերազմի հիմնական պատճառը կոնֆլիկտն է, որը սկսվում է բաժանումներից։ «Հասարակությունը վաղ թե ուշ կհասկանա, որ մարդկանց սևերի, սպիտակների, կանաչների բաժանելն ընդունելի չէ։ Առնվազն՝ էթնիկ տեսանկյունից։ Իմ հայրը հայ էր, մայրս՝ կիսով չափ գերմանացի, կիսով չափ ռուս։ Ու ի՞նչ։ Կինս կիսով չափ ուկրաինուհի է։ Ժամանակի հետ այդ բաժանումները կանցնեն․․․ Այն, ինչ ես էմոցիոնալ առումով ապրեցի Հայաստանում, ընդմիշտ ինձ հետ կմնա»,-ասել է Գրիգորյանը։

Ինչ վերաբերում է Երևանի «Ուրարտուից» հեռանալուն, նախկին մարզչի խոսքով՝ դա ընտանեկան հանգամանքներով է պայմանավորված։

«Այդօրինակ պատճառը սովորաբար էժանագին արդարացում է թվում, բայց իմ իրավիճակում դա ճիշտ է։ Այլ բան հորինել պետք չէ»,-ասել է նա։

Ալեքսանդր Գրիգորյանը ռուսական մի շարք թիմեր է մարզել՝ «Նիժնի Նովգորոդ», «Տամբով», «Խիմկի», «Անժի»։ 2000-ականներին խոշոր հաջողությունների է հասել կանանց թիմերի հետ։