Ադրբեջանը պետք է պատասխան տա հայ ռազմագերիներին տանջելու համար. Ադամ Շիֆ

ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը անդրադարձել է Human Rights Watch-ի՝ հայ ռազմագերիների մասին վերջին զեկույցին:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 մարտի — Sputnik. Հայ ռազմագերիներին կտտանքների ենթարկելը միջազգային իրավունքի կոպտագույն խախտում է։ Facebook-ում ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆն անդրադարձել է հայ ռազմագերիների խնդրին։

««Human Rights Watch»-ի հրապարակած վերջին զեկույցը հաստատում է այն, ինչից շատերս վախենում էինք: Ադրբեջանի զինված ուժերը բռնությունների են ենթարկել հայ ռազմագերիներին ու պահվող քաղաքացիական անձանց: Մոտավորապես 200 ռազմագերի անօրինական կերպով դեռևս պահվում են Ադրբեջանում, կա հետագա բռնությունների ռիսկ: Հայ ռազմագերիներին կտտանքների ենթարկելը միջազգային իրավունքի և Ժնևյան կոնվենցիայի կոպտագույն խախտում է, և բոլոր մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն»,- գրել է Ադամ Շիֆը:

Հայ գերիների նկատմամբ վերաբերմունքը մարդկության դեմ հանցագործություն է. Աննա Նաղդալյան

Կոնգրեսականը հիշեցրել է, որ անցյալ շաբաթ ներկայացրել է բանաձև, որով կոչ է արել անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին ու պահվող քաղաքացիական անձանց:

«Ես նաև կոչ եմ արել ԱՄՆ պետքարտուղարությանն ակտիվացնել ԵԱՀԿ Մինսկի խմբի գործընթացը և պարտավորեցնել Ադրբեջանի իշխանություններին, որպեսզի նրանք հայտարարեն նոյեմբերի 9-ի հայտարարությանը հավատարիմ մնալու կարևորությունը»,- գրել է կոնգրեսմենը:

Շիֆը նաև հավելել է, որ գործընթացի ամեն վայրկյան ձգձգումն ավելացնում է Ադրբեջանի զինված ուժերի կողմից հայ ռազմագերիների տառապանքը:

«Վճռական գործողությունների ժամանակը հիմա է», – ավարտել է իր գրառումը կոնգրեսականը։

«Ժամանակ չունենք». Զոհրաբյանը կոչ է անում գերիների վերադարձի խնդրի շուրջ համախմբել ջանքերը

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Human Rights Watch»-ը փաստագրել է հայ ռազմագերիների նկատմամբ իրականացված լայնածավալ պատերազմական հանցագործությունները և ներկայացրել զեկույցում։

Ինչպես նշված է «Human Rights Watch»-ի զեկույցում, Ադրբեջանի կողմից միջազգային մարդասիրական իրավունքի խախտումներն իրականացվել են ռազմագերիների և քաղաքացիական պատանդների գերեվարության ողջ ընթացքում՝ ուղեկցվելով դաժան ու նվաստացուցիչ վերաբերմունքով և խոշտանգումներով։