Թմրամիջոցների վաճառք Telegram-ում. կալանավորվել է 6 անձ

Telegram-ի անհայտ օգտատերերից ձեռք են բերել թմրամիջոցներ, որոնք Telegram-ի միջոցով էլ վաճառել են տարբեր մարդկանց։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 մարտի - Sputnik. Քննչական կոմիտեն բացահայտել է առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվող հանցավոր խումբ. 8 անձի մեղադրանք է առաջադրվել։

Ոստիկանները գիշերային ծառայության ժամանակ Դավթաշենում թմրանյութ են հայտնաբերել․ տեսանյութ

«Պարզվել են կազմակերպված խմբի անդամներից 8-ի ինքնությունը, որոնց մեղադրանքներ են առաջադրվել: Վերջիններիս բնակարաններից և օժանդակ կից շինություններից խուզարկությամբ հայտնաբերվել են շուրջ 15 կգ թմրամիջոցներ և հոգեմետ դեղահաբեր»,–նշված է ՔԿ–ի հաղորդագրության մեջ։

Բյուրեղավանի բնակիչը 2020թ. հունիս-հուլիս ամիսներին անհայտ անձից ու վայրից «Մեթանֆետամին» և «Բուբրենորֆին» տեսակի թմրամիջոցներ է պարբերաբար ձեռք բերել և ոչ միայն անձամբ օգտագործել է, այլ նաև ՊՆ զորամասերից մեկի բանվոր-ծառայողին վաճառել։ Այս դեպքի առնչությամբ հարուցված քրգործի շրջանակներում էլ մանրամասներ են հայտնի դարձել։

Մասնավորապես, պարզվել է, որ Երևանի 5 բնակիչներ, ինչպես նաև քննությամբ դեռևս չպարզված այլ անձինք քննությամբ դեռևս չպարզված անձից (անձանցից) իրացման նպատակով ձեռք են բերել տարբեր տեսակի թմրամիջոցներ ու ապօրինի իրացրել դրանք:

Նրանք Telegram-ի անհայտ օգտատերերից ձեռք բերված թմրամիջոցները նախապես փաթեթավորել և պահել են Երևանում և մարզերում: Նույն ալիքի միջոցով էլ անհայտ օգտատերերից ստացել են թմրամիջոց ձեռք բերելու առաջարկ, և իրենց հաշիվներին փոխանցված որոշակի գումարի դիմաց էլ իրացրել են թմրամիջոցը։

Շարունակելով իրենց հանցավոր գործունեությունը՝ խմբի անդամները կազմակերպված խմբի մեջ ներգրավել են այլ անդամների՝ մշտապես թմրամիջոցի մեծաքանակ կայուն մատակարարում ապահովվելու համար:

Կոնդի բնակարաններից մեկում հայտնաբերվել են զենք-զինամթերք ու թմրամիջոցներ. տեսանյութ

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ կազմակերպված խմբի անդամներից 7-ին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն իրացնելու նպատակով կամ դրանց ապօրինի իրացնելը), մեկին՝ 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (Թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառությունն առանց իրացնելու նպատակի): Մեղադրյալներից 6-ին կալանավորել են, իսկ 2-ին չհեռանալու մասին ստորագրությամբ ազատ են արձակել։

Նախաքննությունը շարունակվում է: