«Պետք չի դա մեր վզին փաթաթել». նախարարը դպրոցականների` հանրահավաք գնալու մասին

ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը կարծում է, որ երեխաները ցանկանում են լսել Նիկոլ Փաշինյանի ելույթները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 մարտի - Sputnik. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն այսօր Ազգային ժողովում, պատասխանելով լրագրողների հարցերին, վստահեցրեց, որ իր ղեկավարած գերատեսչությունը կապ չունի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Արագածոտնի մարզ կատարած շրջանակում կազմակերպված հանրահավաքի ժամանակ երեխաների ներկայության հետ։

Նշենք, որ Փաշինյանի ելույթի ժամանակ առաջին շարքում կանգնած երեխաների լուսանկարը քննարկումների տեղիք էր տվել։

«Լուրեր էին պտտվում, թե փոխնախարարներից մեկն անձամբ է համակարգում այս ամենը։ Սուտ է բացարձակ։ Երեխաներին հանրահավաքներին ներգրավվել–չներգրավվելու հարցը մեր օրակարգից դուրս է` պետք չի դա մեր վզին փաթաթել։ Կարծում եմ` ինքնաբուխ էր երեխաների այնտեղ հայտնվելը»,–ասաց Դումանյանը։

Նրա խոսքով` մարդիկ ազատ են, որևէ մեկը չի բռնանալու ինչ–որ մեկի կամքի և իր գտնվելու վայրի տեղորոշման իրավունքի վրա։

Լրագրողների դիտարկմանը, թե դպրոցականներն անչափահաս են, և, մեղմ ասած, ցանկալի չէ, որ նրանք քաղաքական պրոցեսներում ընդգրկված լինեն, Դումանյանը պատասխանեց, որ, իհարկե, համակարծիք է, սակայն իրենց օրակարգում այդ հարցը չկա։ Նա հորդորեց մարդկանց ազատ թողնել, որպեսզի նրանք շնչեն։

Հարցին, թե ինչ է կարծում նախարարը` երեխաների երազա՞նքն է Փաշինյանի ելույթը լսելը, վերջինս պատասխանեց, որ երազանքը չէ, բայց նրանց ցանկությունն է։

«Պոլիտեխնիկում ռեկտոր չի նշանակվել». նախարարը չգիտի` ով ում սանիկն է