Կտավի ու նյութի փոխարեն գյումրեցի արվեստագետը ջինս է օգտագործում

Ջինսը ոչ միայն հարմարավետ հագուստ է. գյումրեցի Կարեն Բարսեղյանի համար այն իր մտքում կուտակածը արտահայտելու միջոց է:
Sputnik

Ջինսերի հանդեպ «սերը» ուսանողական տարիներից էր: Առաջին գործը՝ «Արմենիան», մինչ օրս պահպանվում է: Պատմում է՝ սկզբում ջինսը փոխարինեց կտավին, հետո, փնտրտուքների արդյունքում, ջինսերի վրա հին ֆոտոտեխնոլոգիաներով տպագրություն արեց։ Ավելի ուշ արդեն ջինսը աղացով անցկացնելով՝ նոր նյութ սկսեց ստանալ:

Կտավի ու նյութի փոխարեն գյումրեցի արվեստագետը ջինս է օգտագործում

«Ամեն ջինս «իր բնավորությունն ունի»՝ տարբեր գույնի ջինսերից տարբեր նյութեր են ստացվում, իսկ դրանց վրա շատ հեշտ է ակրիլներով աշխատել»,-պատմում է Կարենն ու հավելում, որ այդպիսով երկրորդ, նույնիսկ երրորդ կյանք է տալիս գործվածքին: Ջինսի որակից է կախված ստացված նյութի որակը, եթե արհեստական մանրաթելեր շատ է պարունակում, դժվար է «ենթարկվում», իսկ իսկական ջինսերն այդ առումով ավելի նախընտրելի են։

Կտավի ու նյութի փոխարեն գյումրեցի արվեստագետը ջինս է օգտագործում

«Կտավն պետք է ձգես ու վրան աշխատես, իսկ ջինսը նախ էներգիա, ապա նաև գույն ունի, ու իր հետ պետք է երկար աշխատես»,-ասում է Կարենը:

Ջինսն արվեստի գործի վերածելն գյումրեցի արվեստագետի համար ինքնանպատակ չէ՝ մարդու հետ անմիջական շփման մեջ եղած հագուստն արտահայտվելու, խնդիրները բարձրաձայնելու միջոց է, երբեմն նաև՝ փիլիսոփայություն:

Կտավի ու նյութի փոխարեն գյումրեցի արվեստագետը ջինս է օգտագործում

«Մարդն այդ ջինսը հագել է ու իր էներգիան փոխանցել այդ հագուստին, ես էլ այն ազատության ու հավասարության կոչով եմ ներկայացնում»,-նշում է Կարենը։ Նյութի խնդիր չունի. ոչ միայն ընկերներն ու հարազատները, այլ նաև շատ անծանոթներ իրենց մաշված ջինսե հագուստներն են տալիս։

Ամենաբարդը թեմայի ընտրությունն է։ «Շատ հետաքրքիր է` թվում է ջինսի հետ ամեն բան հնարավոր է անել, բայց դա այդպես չէ»,-ասում է նա:

Կտավի ու նյութի փոխարեն գյումրեցի արվեստագետը ջինս է օգտագործում

Գյումրեցի արվստագետի ջինսային գործերում ավստրիական լեռների կողքի կարելի է հանդիպել նաև հայրենի Գյումրին. «Ռիֆլեքշն» շարքում քաղաքի ճարտարապետությունն է մեքենաների վրա արտացոլված: Ընդհանուր առմամբ, երիտասարդ արվեստագետի գործերում շատ է հայրենի քաղաքի դիմագիծը:

Կարենը ցավով է նշում, որ Հայաստանում արվեստի գործերի շուկա չկա, հիմնական գնորդները արտերկրից են ու միշտ չէ, որ հացի խնդիրը լուծվում է, սակայն դա չի խանգարում իր սիրած գործով զբաղվել:

Ջինսի հանդեպ սերն արդեն ընտանիքին է փոխանցել. երբեմն հայրիկի գործերը երեխաները դեկորատիվ-կիրառական իրերի են վերածում, իսկ երբեմն էլ փորձում են օգնել նրան: Որոշ գործեր ծնվում են նաև երեխաների մտքերից: