Հայ գերիների նկատմամբ վերաբերմունքը մարդկության դեմ հանցագործություն է. Աննա Նաղդալյան

Նաղդալյանն անդրադարձել է «Human Rights Watch»-ի զեկույցին և նշել` արձանագրվածը վկայում է գերիների մեծածավալ բռնի անհետացումների բարձր հավանականության մասին ոչ միայն զինծառայողների, այլև գերեվարված քաղաքացիական անձանց շրջանում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 մարտի – Sputnik. Հայ ռազմագերիների նկատմամբ դաժան վերաբերմունքը և խոշտանգումները վկայում են դրանց համակարգված բնույթի մասին՝ հայ ռազմագերիների շարունակվող գերությունը, վերջիններիս նկատմամբ նվաստացուցիչ վերաբերմունքը և խոշտանգումները կարող են հավասարազոր լինել մարդկության դեմ հանցագործություններին։ ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալայանն այսպես է արձագանքել «Human Rights Watch»-ի` հայ գերիների մասին զեկույցին։

«Ժամանակ չունենք». Զոհրաբյանը կոչ է անում գերիների վերադարձի խնդրի շուրջ համախմբել ջանքերը

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «The Human Rights Watch»-ը փաստագրել է հայ ռազմագերիների նկատմամբ իրականացված լայնածավալ պատերազմական հանցագործությունները և ներկայացրել զեկույցում։

Ինչպես նշված է «Human Rights Watch»-ի զեկույցում, Ադրբեջանի կողմից միջազգային մարդասիրական իրավունքի խախտումներն իրականացվել են ռազմագերիների և քաղաքացիական պատանդների գերեվարության ողջ ընթացքում՝ ուղեկցվելով դաժան ու նվաստացուցիչ վերաբերմունքով և խոշտանգումներով։

«Զեկույցն ամրագրում է, որ բազմաթիվ հայ զինվորների վերջին անգամ տեսել են Ադրբեջանում պատանդության մեջ, սակայն Ադրբեջանը չի զեկուցել նրանց մասին։ Սա վկայում է մեծածավալ բռնի անհետացումների բարձր հավանականության մասին ոչ միայն զինծառայողների, այլև գերեվարված քաղաքացիական անձանց շրջանում»,–ասել է Նաղդալյանը։

Այվազյանը ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնակատարի հետ գերիների մասին է խոսել

Նա նշել է, որ հրադադարի հաստատումից չորս ամիս անց էլ հայ ռազմագերիների և քաղաքացիական պատանդների շարունակվող գերությունն ակնհայտորեն ի ցույց է դնում, որ Ադրբեջանը շարունակում է միջազգային մարդասիրական իրավունքի խախտումները: