ԱԱԾ–ն ձերբակալել է ֆուտբոլիստ Յուրա Մովսիսյանի մորաքրոջը

Sputnik Արմենիան զրուցել է ձերբակալված Ամալյա Ադամյանի ամուսնու հետ։ Վերջինիս խոսքով` սա առաջին անգամը չէ, որ իրավապահները «ընկած են իրենց հետևից»։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 մարտի — Sputnik. Ամերիկայի Միացյալ Նահանգներում բնակվող ֆուտբոլիստ, Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանի մորաքույրը` Շիրակի մարզի Զբաղվածության պետական գործակալության պետ Ամալյա Ադամյանը, ձերբակալվել է։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատեց նրա ամուսինը` Անդրանիկ Ադամյանը։

«Հիմա ինքը ԱԱԾ–ում է, ճիշտն ասած` պատճառներից էդքան էլ դեռ տեղյակ չեմ։ Էս առաջինը անգամ չէ։ Մեր հետևից ընկած են», – ասաց նա։

ԱԱԾ–ի մամուլի ծառայությունում Sputnik Արմենիային տեղեկացրին, որ Անահիտ Ադամյանի ձերբակալության առնչությամբ շուտով հաղորդագրություն կլինի։

Նշենք, որ զբաղվածության տարածքային կենտրոնի մուտքի դուռն այսօր առավոտից կողպված է ԱԱԾ կապարակնիքով:

Ավելի վաղ 168.am-ը գրել էր, որ Անահիտ Ադամյանի հետ ձերբակալվել են Շիրակի մարզի Զբաղվածության պետական գործակալության ևս 6 աշխատակիցներ: Նույն կայքի տեղեկություններով` Ադամյանին հետապնդում են ընդդիմադիր հայացքների համար, իշխանություններն էլ պատրաստվում են նրա պաշտոնում նշանակել «Իմ քայլը» իշխող խմբակցության պատգամավոր Կարեն Սարուխանյանի հորեղբոր որդուն՝ Արմեն Սարուխանյանին։