ԵՐԵՎԱՆ, 22 մարտի - Sputnik. Վարչական դատարանի` ԶՈւ գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանի հայցի վերաբերյալ որոշումից որևէ սահմանադրական պրոցես չի բխում, այսինքն` այդ հայցի վերաբերյալ որոշմամբ Գասպարյանը չի կարող վերականգնվել իր նախկին պաշտոնում։ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում այդ մասին հայտնեց ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը։
«Մեկնաբանությունը, թե Օնիկ Գասպարյանի հայցի ապահովման միջոցով հնարավոր է կասեցնել որևէ գործընթաց կամ վերանայել «ավարտված» գործընթացը, տեղին չէ և շահարկումների դաշտում է»,–ասաց Բադասյանը։
Անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի այսօրվա հայտարարությանը, որը վերաբերում էր Արտակ Դավթյանին, Բադասյանը նշեց, որ Սահմանադրությունը սահմանում է` եթե նախագահը չի դիմում ՍԴ կամ չի ստորագրում հրամանագիրը, ապա իրավունքի ուժով վարչապետի ակտը մտնում է ուժի մեջ։ Նրա խոսքով` վարչապետն իր այսօրվա հայտարարությունն ընդամենն արձանագրել է, որ իրավունքի ուժով Սահմանադրության նորմն ուժի մեջ է մտել այսօրվանից։
Հարցին, թե այդ հայցի միջոցով Օնիկ Գասպարյանը չի՞ կարող վերականգնվել իր նախկին պաշտոնին, Բադասյանը պատասխանեց` ոչ։
Հիշեցնենք, որ ԶՈւ գլխավոր շտաբը փետրվարի 25-ին պահանջեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը` նշելով, որ քաղաքական ղեկավարությունը պետությունը տանում է դեպի վտանգավոր սահմանագիծ։ Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ վարչապետը պաշտոնից հեռացրեց ԳՇ պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանին։
Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ռազմական հեղաշրջման փորձի մասին և քաղաքացիներին կոչ արեց հավաքվել Հանրապետության հրապարակում` հեղափոխությունը պաշտպանելու համար։
Նա հայտնեց նաև, որ ստորագրել է ԳՇ շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից հեռացնելու փաստաթուղթը, որը, սակայն, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը չստորագրեց և հետ ուղարկեց փետրվարի 27–ին։ Նույն օրը վարչապետը առաջարկությունը նորից ուղարկեց ՀՀ նախագահին։
Մարտի 2-ին հայտնի դարձավ, որ նախագահը չի ստորագրել Օնիկ Գասպարյանին ԳՇ պետի պաշտոնից ազատելու հրամանագիրը, բայց ՍԴ է դիմելու ոչ թե Նիկոլ Փաշինյանի ներկայացրած հրամանագրի նախագծի սահմանադրականության հարցը պարզելու համար, այլ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» 2017թ. նոյեմբերի 15-ի ՀՀ օրենքի՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը որոշելու խնդրանքով:
Կառավարությունը հրապարակեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը` նշելով, որ 2021թ. մարտի 10-ից Օնիկ Գասպարյանն իրավունքի ուժով համարվում է ազատված զբաղեցրած պաշտոնից։
Մինչ այդ ՀՀ նախագահի աշխատակազմը հայտնեց, որ Արմեն Սարգսյանը դիմում է ներկայացրել Սահմանադրական դատարան «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» 2017թ. նոյեմբերի 15-ի օրենքի՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը որոշելու խնդրանքով:
Մարտի 18-ին հայտնի դարձավ, որ Վարչական դատարանի դատավոր Մհեր Պետրոսյանը բավարարել է Օնիկ Գասպարյանի հայցի ապահովման միջոցի միջնորդությունը։
Գասպարյանի պաշտպան Արթուր Հովհաննիսյանն էլ ֆեյսբուքյան իր էջում գրեց, որ որոշումն ուսումնասիրելու դեպքում այլևս հարցեր չեն առաջանա, որ Գասպարյանը շարունակում է պաշտոնավարել որպես ԶՈւ ԳՇ պետ:
Մարտի 22-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook–ի իր էջում գրեց, որ Արտակ Դավթյանն իրավունքի ուժով համարվում է ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, քանի որ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 35.1-ին հոդվածի 3-րդ մասով սահմանված ժամկետներում ՀՀ նախագահը չի ստորագրել վարչապետի ներկայացրած նախագիծը և չի դիմել Սահմանադրական դատարան: