Ադրբեջանը թիրախավորում է նաև հայ երեխաներին․ ՄԱԿ-ում հնչել է Արման Թաթոյանի տեսաուղերձը

Նման տեսաուղերձով հանդես գալու հնարավորություն ունեն միայն «A» միջազգային կարգավիճակով օժտված մարդու իրավունքների ազգային հաստատությունները:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 մարտի – Sputnik․ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 46-րդ նստաշրջանի մարտի 19-ի նիստում հեռարձակվել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հատուկ ձևաչափով տեսաուղերձը։ ՄԻՊ աշխատակազմը տեղեկացնում է, որ տեսաուղերձում Արման Թաթոյանը խոսել է 2020թ. սեպտեմբեր-նոյեմբեր ամիսների պատերազմի ընթացքում ադրբեջանական զինված ուժերի իրականացրած էթնիկ զտումների ու ցեղասպանության քաղաքականության մասին։

«Ադրբեջանում առկա է իշխանությունների աջակցությամբ հայատյացության քաղաքականություն, որը խրախուսվում է մշակութային, սպորտի ու այլ հանրային գործիչների կողմից: Այս ամենը հիմնավորվում է օբյեկտիվ ապացույցներով»,- նշել է Թաթոյանը։

Տեսաուղարձում շեշտվում է, որ սեպտեմբերի 27-ից սկսած թե՛ ադրբեջանական, թե՛ թուրքական ԶԼՄ-ների ու սոցիալական ցանցերի մոնիտորինգն արձանագրել է զանգվածային ատելություն և սպանությունների, բռնության, խոշտանգումների կոչեր, որոնք թիրախավորում են նաև հայ երեխաների:

Հայաստանի ՄԻՊ-ը մատնանշում է՝ հայերի նկատմամբ էթնիկ պատկանելիության շարժառիթներով հանցագործությունները խրախուսվում են ադրբեջանական իշխանությունների կողմից։ Նա ուշադրություն է հրավիրել այն հանգամանքին, որ սա հաստատված է նաև ՄԻԵԴ-ի վճիռներով:

ՄԻՊ աշխատակազմն ընդգծում է, որ նման տեսաուղերձով հանդես գալու հնարավորություն ունեն բացառապես «A» միջազգային կարգավիճակով օժտված մարդու իրավունքների ազգային հաստատությունները:

ՄԻՊ–ը բոլոր ապացույցներն ունի. Թաթոյանը` հայերի ջարդերի մասին