ՌԱԴԻՈ

«ԱԱԾ-ին պատմելու եմ այն, ինչ տեղի է ունեցել». Գորգիսյան

Геворг Георгисян
Գևորգ Գորգիսյանը տարօրինակ է համարում, որ կատարվածից 3 ամիս անց են իրեն ԱԱԾ հրավիրում։
Sputnik
«ԱԱԾ-ին պատմելու եմ այն, ինչ տեղի է ունեցել». Գորգիսյան
«ԱԱԾ-ին պատմելու եմ այն, ինչ տեղի է ունեցել». Գորգիսյան

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը պատրաստվում է ԱԱԾ գնալ հաջորդ շաբաթ։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց պատգամավորը։

Գորգիսյանն այսօր ԱԱԾ-ից ծանուցագիր է ստացել նոյեմբերի 10-ի գիշերը մի խումբ քաղաքացիների կողմից ԱԺ ներթափանցելու իրադարձությունների շուրջ զրուցելու համար։

«Այս շաբաթ քառօրյա ունենք, ենթադրաբար հաջորդ շաբաթ կգնամ»,- ասաց նա։

Ընդդիմադիր պատգամավորը մտահոգություններ և մտավախություններ չունի, ասում է` միայն թե տարօրինակ է, որ կատարվածից 3 ամիս անց են իրեն հիշել։

«Զարմանալի է, որ հիմա են այս հարցին անդրադառնում, բայց խնդիր չեմ տեսնում։ Չնայած սա վկայում է իրենց աշխատանքի դանդաղկոտության կամ որակի մասին»,- նշեց Գորգիսյանը։

Պատգամավորը հավելեց, որ ԱԱԾ-ում պատմելու է այն, ինչ տեղի է ունեցել, ինչին ականատես է եղել։

Հիշեցնենք` նոյեմբերի 9-ի լույս 10–ի գիշերը հայտնի դարձավ, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ համատեղ հայտարարություն են ընդունել։

Հաղորդագրություն
ԱԱԾ–ն Արարատ Միրզոյանի ծեծի թեմայով գաղտնալսված խոսակցություններ է հրապարակել. տեսանյութ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook–ի իր էջում գրեց, որ անձամբ իր և բոլորի համար ծանր, չափազանց ծանր որոշում է կայացրել:

Նա նշեց, որ Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հետ ղարաբաղյան պատերազմը ժամը 01.00-ից դադարեցնելու հայտարարություն է ստորագրել, շեշտելով, որ այդ որոշումը կայացրել է ռազմական իրադրության խորը վերլուծության և այդ իրադրությանն ամենալավ տիրապետող մարդկանց գնահատականի արդյունքում, նաև հիմնվելով այն համոզմունքի վրա, որ ստեղծված իրավիճակում սա հնարավոր ամենալավ հանգուցալուծումն է:

Փաշինյանի հայտարարությունից հետո բազմաթիվ մարդիկ շարժվեցին դեպի Հանրապետության հրապարակ, մի խումբը ներխուժեց կառավարության գլխավոր մասնաշենք ու վարչապետի աշխատասենյակ, մի մասն էլ շարժվեց դեպի Բաղրամյան պողոտա ու մտավ Ազգային ժողովի շենք։ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ծեծի ենթարկվեց, նրան տեղափոխեցին հիվանդանոց։

Դեպքի առթիվ ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 4-րդ մասերով (զանգվածային անկարգությունները), ՀՀ քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածով (իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը) և ՀՀ քրեական օրենսգրքի 301.1 հոդվածի 1-ին մասով (հանրապետության նախագահին, Ազգային ժողովին, կառավարությանը, սահմանադրական դատարանին պարտադրելը) նախատեսված հանցագործությունների հատկանիշներով հարուցվել է քրգործ: