Ստամբուլյան կոնվենցիայից դուրս գալը Էրդողանի քաղաքական քայլն է․ ընդդիմադիր պատգամավոր

Յուջեերը հայտարարել է, որ Էրդողանի որոշումը սխալ է, ընդ որում՝ կոնվենցիան դեռ շարունակում է ուժի մեջ մնալ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 մարտի – Sputnik. Թուրքիայի Ժողովրդա-հանրապետական կուսակցությունը (CHP) պայքարելու է մինչև վերջ՝ հակազդելու կանանց իրավունքների պաշտպանության Ստամբուլյան կոնվենցիայից դուրս գալու երկրի իշխանությունների որոշմանը, ընդ որում՝ իշխանությունների որոշումն ակնհայտորեն քաղաքական է, ՌԻԱ Նովոստիին ասել է CHP կուսակցությունից պատգամավոր Ջանդան Յուջեերը։

Նշենք, որ Թուրքիան շաբաթ օրը հայտարարել է Ստամբուլյան կոնվենցիայից դուրս գալու մասին։ Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի համապատասխան հրամանագիրը հրապարակվել է Resmi Gazete պաշտոնական պարբերականում: CHP-ն ավելի վաղ հայտարարել էր, որ կդիմի Պետխորհուրդ (բարձրագույն ատյանի դատարան)՝ կոնվենցիայից երկրի դուրս գալու թեմայով:

Յուջեերը հայտարարել է, որ Էրդողանի որոշումը սխալ է, ընդ որում կոնվենցիան դեռ ուժի մեջ է։

Կրքերը չեն հանդարտվում. Ստամբուլյան կոնվենցիան` հաղթաթո՞ւղթ ընդդիմության ձեռքին

Նրա խոսքով՝ իշխանությունները 2011 թ․-ից «խոչընդոտներ են ստեղծել» կոնվենցիայի իրականացման համար և չեն հետևել դրան: «Իսկ վերջին երեք տարիների ընթացքում կոնվենցիայի նկատմամբ սև քարոզչություն է իրականացվում, որպեսզի տպավորություն ստեղծվի, թե այն մեծացնում է Թուրքիայում ամուսնալուծությունների թիվը, բացասաբար է անդրադառնում ընտանեկան կյանքի վրա և սեռական կողմնորոշման փոփոխության պատճառ է դառնում»,-հայտարարել է պատգամավորը:

«Իհարկե, այս խնդիրը նաև իրավաբանական կողմ ունի, բացի սոցիալականից և գործնականից... մեր կուսակցությունն այս հարցի հետ կապված զանազան միջոցառումներ կանցկացնի և կպայքարի մինչև վերջ։ Մենք թույլ չենք տա ուզուրպացնել ժողովրդի կամքն ու խորհրդարանի լիազորությունները։ Այս կոնվենցիան երկարատև պայքարի պտուղ է։ Կոնվենցիան հնարավոր չէ չեղարկել մեկ մարդու գրչի հարվածով։ CHP-ն դա չի ընդունի և կշարունակի պայքարը»,-ընդգծել է պատգամավորը։

Յուջեերի խոսքով՝ իրենք հենց սկզբից ասել են, որ կանանց նկատմամբ հանցագործությունները քաղաքական ասպեկտներ ունեն։ Նախագահի որոշումը հաստատեց, քանի որ դա արձագանք էր մի քանի կրոնական խմբերի կոչերին՝ նրանց ձայներն ու աջակցությունը ստանալու համար:

Նրա կարծիքով՝ իշխանություններն այդ որոշումն ընդունել են` փաստացի արհամարհելով կանանց իրավունքները և ԶԼՄ-ներում նրանց դեմ հանցագործությունների մասին «գրեթե ամենօրյա» հաղորդումները։

«Իհա՛րկե կողմ եմ». նախարարը` Ստամբուլյան կոնվենցիայի մասին

Եվրոպայի խորհրդի՝ կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրանց դեմ պայքարի մասին Ստամբուլյան կոնվենցիան Եվրոպայի խորհրդի անդամ բոլոր երկրների կողմից ընդունվել է 2011թ. մայիսի 11-ին: Այն առաջին Եվրոպական համաձայնագիրն է, որն ուղղված է կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության դեմ պայքարին:

Թուրքիան դարձել է Կոնվենցիան վավերացրած առաջին երկիրը, որին հաջորդել են ևս 33 երկիր: Կոնվենցիան հաճախ վիճելի փաստաթուղթ են կոչում, մասնավորապես, լղոզված «գենդեր» հասկացության պատճառով։

«Կանգնեցնենք կանանց սպանությունները» հասարակական հարթակն ավելի վաղ կոչ էր արել բողոքի ակցիաներ անցկացնել Ստամբուլի կոնվենցիայից Թուրքիայի դուրս գալու դեմ: Նախօրեին ակցիաներ են անցկացվել Ստամբուլում, Անկարայում, Քահրամանմարաշում, Քըրշեհիրում, Բալըքեսիրում, Սամսունում, Էրզրումում, Տրապիզոնում և այլ քաղաքներում։