Պուտինն ու Շոյգուն հանգստյան օրերն անցկացրել են տայգայում. եզակի տեսանյութեր

Պուտինն ինքն է վարել ամենագնացը, ուղևորի դերում Շոյգուն է եղել։ Նրանց հագուկապը նույնպես շատ յուրահատուկ է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 մարտի – Sputnik. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն այս հանգստյան օրերը Սիբիրում են անցկացրել։ Տեղեկությունը հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Համացանցում հայտնվել են նաև նրանց յուրօրինակ հանգստի տեսագրությունները։

Ավելի վաղ ՌԴ նախագահը հայտարարել էր, որ հանգստյան օրերը կանցկացնի տայգայում:

«Վլադիմիր Պուտինը պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ հանգստյան օրերն անցկացնում է Սիբիրյան օկրուգում», - Պեսկովի խոսքերը մեջբերել է ՌԻԱ Նովոստին:

Նա նշել է, որ առաջիկայում նախագահի մամուլի ծառայությունը տեսանյութեր և լուսանկարներ կտարածի այդ ուղևորությունից: Նախագահի մամուլի քարտուղարի խոսքով ՝ Պուտինը Շոյգուի հետ միասին ամենագնացով մեկնել են տայգա, ինչպես նաև զբոսնել այնտեղ:

Այցի ընթացքում պաշտպանության նախարարը նախագահին ցույց է տվել իր արհեստանոցը, որտեղ նա զբաղվում է չոր ծառերի մշակմամբ ՝ դրանցից տարբեր հետաքրքիր իրեր պատրաստելով: Դա Շոյգույի հոբբին է։

Պուտինն ինքն է վարել ամենագնացը, ուղևորի նստատեղին Շոյգուն է եղել։ Երկրի ղեկավարը պաշտպանության նախարարի հետ միասին անցել են գետի կախովի կամրջի վրայով, հեռադիտակով հետևել են տեղի կենդանական աշխարհի ներկայացուցիչներին: Նրանք նաև ճաշել են տայգայում` մորթապատ քարե նստարաններին նստած։