Պետք է թույլ չտալ Դաունի համախտանիշով մարդկանց որևէ մեկուսացում. Թաթոյան

ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանի խոսքով` պետությունը պետք է լիարժեք կատարի իր պարտավորությունները Դաունի համախտանիշ ունեցող մարդկանց նկատմամբ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 մարտի– Sputnik. Մարտի 21-ը Դաունի համախտանիշով մարդկանց` «արևների» միջազգային օրն է: ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը օրվա առթիվ Facebook–ի իր էջում երեխաների հետ լուսանկարներ է հրապարակել և գրառում կատարել։

Պետք է թույլ չտալ Դաունի համախտանիշով մարդկանց որևէ մեկուսացում. Թաթոյան

«Պետք է գնահատել հաշմանդամություն ունեցող յուրաքանչյուր մարդու արժանապատվությունն ու ներուժը, թույլ չտալ որևէ մեկուսացում: Մենք պետք է փոքր տարիքից դաունի համախտանիշով երեխաներին սովորեցնենք ինքնուրույն կյանք վարելու հմտություններ, նրանց համար ապահովենք արժանապատիվ ապրելու պայմաններ, որպեսզի կյանքում չբախվեն խարանի ու խտրականության»,–գրել է Թաթոյանը:

Պետք է թույլ չտալ Դաունի համախտանիշով մարդկանց որևէ մեկուսացում. Թաթոյան

Նրա խոսքով` պետությունը պետք է լիարժեք կատարի իր պարտավորությունները դաունի համախտանիշ ունեցող մարդկանց նկատմամբ. լիարժեք երաշխավորի երեխայի` ընտանիքում ապրելու ու մեծանալու, կրթության, անկախ ու ներառական կյանքով ապրելու և այլ իրավունքներ։

Թաթոյանը ընդգծում է, որ անհրաժեշտ է ընդլայնել համայնքահեն ծառայությունների ու հմտությունների զարգացման ծրագրերը, որպեսզի հնարավոր լինի բացահայտել դաունի համախտանիշ ունեցող և, առհասարակ, հաշմանդամություն ունեցող մարդկանց ինքնուրույնությունը, նրանց զարգացման հնարավորությունները։

Արել է անհավատալին․ դաունի համախտանիշով արմավիրցի տղան դարձել է չմշկորդ

«Պետք է իրականացնել լայնածավալ իրազեկման ծրագրեր` կոտրելու համար բոլոր կարծրատիպերը: Մենք պետք է համատեղ ջանքներով ստեղծենք ներառական հասարակություն, ներառական այնպիսի միջավայր, որտեղ գնահատվում է յուրաքանչյուր մարդու արժանապատվությունը` անկախ հաշմանդամությունից, ու առկա է որոշումների կայացմանը երաշխավորված մասնակցություն»,–գրել է նա։

Նշենք, որ Դաունի համախտանիշն ի հայտ է գալիս այն ժամանակ, երբ երեխան ծնվում է 21-րդ քրոմոսոմի լրիվ կամ մասնակի հավելյալ կրկնօրինակով։

Համախտանիշը անվանվել է անգլիացի բժիշկ Լենգդոն Դաունի անունով, ով առաջինն է այս արատը նկարագրել 1866 թվականին: Դաունի համախտանիշն ամենահաճախ հանդիպող տրիսոմիան է։

Դաունի համախտանիշն ավելի շուտ գենետիկ (ժառանգական) խնդիր է, քան հիվանդություն: Ինչպես յուրաքանչյուր անձ, այդպես էլ Դաունի համախտանիշով մարդիկ տարբերվում են իրենց արտաքին տեսքով, ունակություններով և անհատականությամբ: Սակայն Դաունի համախտանիշով մարդկանց մեծ մասն ունի որոշակի առողջական խնդիրներ: