ԵՐԵՎԱՆ, 21 մարտի – Sputik. ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը կարծում է, որ ժողովուրդը մեղավոր չի, որ «չի հասկանում, որ Նիկոլը դավաճան է և հայրենիք է հանձնել»։ Այս թեմայով նա գրառում է արել Facebook–ի իր էջում` ընդգծելով, որ մենք բոլորս 30 տարի մենք կերտեցինք «Կիսաբաց լուսամուտների» ժողովուրդ։
«30 տարի ժողովրդից վերցվեց քաղաքացի լինելու իրավունքը, ժողովրդին որպես ֆասթ-ֆուդ ու ուղեղի չիզքեյք կերակրեցինք դյուրամարս սերիալներով ու կիսաբաց լուսամուտներով, ովքեր պետք են գալու միայն որպես ընտրական մատերիալ։
Ժողովրդին բթացնող էդ սերիալները երկնողներին տվեցինք պետության բարձր մրցանակներ, որ շարունակեն մարդու միջից ջնջել քաղաքացուն»,–գրել է Զոհրաբյանը և արձանագրել, որ վերջապես ստացվեց։
Զոհրաբյանի խոսքով` «նիկոլականությունը» բաժանվում է 3 ստերիոտիպի՝ «աբիժնիկներ», ովքեր պատրաստ են Նիկոլի հրահանգով անգամ իսլամ ընդունել, միայն թե նախկինները չգան, «դալալներ», ում համար թուրքի հետ էժան առևտուրը կորսված Արցախից և զոհերի արյունից բարձր մատերիա է և երրորդ ստերիոտիպը՝ «կիսաբաց լուսամուտների» ժողովուրդ, ովքեր իսկապես չեն հասկանում, որ մենք հայրենիք ենք կորցրել ու որ վաղը կորցնելու ենք նաև մեր պետականությունը։
Վերջում պատգամավորն ընդգծում է, որ այդ մարդիկ չեն հասկանում, որովհետև 30 տարի մենք հետևողականորեն այդ մարդկանց հոգուց ջնջեցինք քաղաքացուն ու այդ դատարկ տարածությունը ոչնչով չլցրեցինք։
«Եվ ուրեմն՝ մեղավոր ենք բոլորս»,–եզրակացրել է պատգամավորը։
«Ժամանակ չունենք». Զոհրաբյանը կոչ է անում գերիների վերադարձի խնդրի շուրջ համախմբել ջանքերը
Հիշեցնենք, որ երեկ` մարտի 20-ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել էր Արագածոտնի մարզի տարբեր համայնքներ ու ելույթով հանդես եկել տեղի բնակիչների համար։ Որոշ գյուղերում նրան աղ ու հացով էին դիմավորել։