Հայաստանը Ռուսաստանից Սու-30 ՍՄ կործանիչները գնել է առանց հրթիռների. Փաշինյան

Վարչապետի խոսքով` Ռուսաստանը Հայաստանի ռազմավարական գործընկերն է, բարեկամը, բայց նաև Ադրբեջանի թշնամին չէ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 մարտի – Sputik. Հայաստանի ռազմավարական գործընկեր Ռուսաստանը Ղարաբաղյան վերջին պատերազմի ընթացքում ամբողջությամբ կատարել է իր դաշնակցային պարտավորությունները։ Այս մասին երեկ` մարտի 20–ին, Արագածոտնի մարզի  Օհանավան համայնքի բնակիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Հանդիպման տեսանյութը  վարչապետը  տեղադրել է Facebook-ի իր էջում։

«Քեզ այլևս ոչ ոք չի հավատում». ՀՀ երրորդ նախագահի գրասենյակը պատասխանել է Փաշինյանին

«Արդյոք մեր ռազմավարական դաշնակիցը` Ռուսաստանի Դաշնությունը, այս պատերազմի ընթացքում կատարել է իր դաշնակցային պարտավորությունները։ Ես պետք է ասեմ առանց սեթևեթանքի` այո. միանշանակ և աներկբա։ Բայց այստեղ մի նրբություն կա. պարզապես մենք երկար ժամանակ տարբեր միջոցներով Ռուսաստանին վերագրել ենք դաշնակցային այնպիսի պարտավորություններ, որը ՌԴ–ն իրականում չունի։ Սա  շատ կարևոր նրբություն է», - ասել է կառավարության ղեկավարը։

Նրա խոսքով ՝ Ռուսաստանը, որպես նախկին ԽՍՀՄ–ի ողնաշար, պարտավորություններ ունի ինչպես Հայաստանի, այնպես էլ հետխորհրդային երկրների, այդ թվում ՝ Ադրբեջանի նկատմամբ:

«Մենք պետք է հասկանանք, որ Ռուսաստանը Հայաստանի ռազմավարական գործընկերն է, նաև բարեկամը, բայց Ադրբեջանի թշնամին չէ։ Եվ մենք պետք է հասկանանք, որ այդ դաշնակցային պարտավորությունները գծված են որոշակի սահմանի վրա», - ասել է Փաշինյանը։

Անդրադառնալով սպառազինության թեմային ՝ նա ասաց, որ Հայաստանը Ռուսաստանից Սու-30 ՍՄ կործանիչներ է գնել առանց հրթիռների:

Այսօրվա դրությամբ ունենք պաշտոնապես հաստատված 3250 զոհ. Փաշինյանը տվյալներ հայտնեց

«Մեզ ասում են` ինչի եք ինքնաթիռ գնել։ Այո, մենք ինքնաթիռ ենք գնել, որոնք մայիս են բերվել և այո, չենք հասցրել հրթիռները մինչև պատերազմը ձեռք բերել։ Բա ինքնաթիռները դուք ձեռք բերեիք, որ մենք էլ հասցնեինք հրթիռները ձեռք բերել։ 26 տարվա պետությունը ինչու չուներ կործանիչ ավիացիա », - ասել է Փաշինյանը։

Ավելի վաղ ՀՀ ՊՆ ռազմական վերահսկողության ծառայության նախկին պետ Մովսես Հակոբյանը հայտարարել էր, որ Ռուսաստանից ձեռք բերված Սու-30ՍՄ կործանիչները առանց զինամթերքի են եղելլ, քանի որ Ռուսաստանը 130 կմ հեռահարությամբ «օդ-օդ» հրթիռներ չի վաճառում այլ երկրին, ինչի պատճառով էլ մեր ՍՈւ–երը չեն օգտագործվել պատերազմի ժամանակ: Հայաստանի իշխանություններն այդ հայտարարությունը չէին հաստատել։