ԵՐԵՎԱՆ, 20 մարտի - Sputnik. ԲՀԿ–ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն ահազանգում է` գերիների հարցով շտապել է պետք` արդեն ժամանակ չունենք։ Նա Facebook–ի իր էջում գրառում է արել` անդրադառնալով գերիների վերադարձի խնդրին։
«Քանի որ մենք դե ֆակտո իշխանություն չունենք, ես կարծում եմ բոլոր այն հասարակական կառույցներն ու անհատները՝ Հայաստանում և մեր երկրից դուրս, որոնք զբաղվում են այս խնդրով, պետք է համատեղենք մեր ջանքերը։ Պետք է համագործակցենք միմյանց հետ, փոխանակենք մեր ունեցած տեղեկատվությունն ու հասկանանք՝ է՞լ ինչ քայլեր է հնարավոր, որպեսզի թուրքի գերությունից ազատենք մեր տղաներին»,–գրել է Զոհրաբյանը։
Նա նշել է, որ մոտավոր հաշվարկներով, 250-ից ավելի ռազմագերի ունենք։ Զոհրաբյանը հիշեցրել է Human Rights Watch-ի հրապարակումը, որտեղ ներկայացված էին Հայաստան վերադարձած 4 ռազմագերիների հետ զրույցից հատվածներ։ ԱԺ պատգամավորը նշել է, որ վերադարձած տղաները զարհուրելի մանրամասներ են պատմել իրենց և իրենց հետ գերեվարվածների նկատմամբ վատ վերաբերմունքից:
Նրանք բոլորն էլ նկարագրել են, որ երկարատև և բազմակի ծեծի են ենթարկվել: Նրանցից մեկը պատմել է, որ իրեն ծակծկել են սուր մետաղական ձողով և այլն։
Հիշեցնենք, որ Human Rights Watch-ը հայտարարություն էր տարածել` ներկայացնելով, թե ինչ վերաբերմունքի են արժանանում հայ գերիներն Ադրբեջանում։ Հայտարարության մեջ նշված է, որ Ադրբեջանի իշխանությունը պետք է անհապաղ հետաքննի բոլոր նման դեպքերն ու դիմումները, մեղավորներին պատասխանատվության ենթարկի։
Բացի այդ, Ադրբեջանը պետք է անհապաղ ազատ արձակի բոլոր ռազմագերիներին ու քաղաքացիական անձանց, ինչպես նաև տեղեկացնի հայկական կողմի բոլոր այն անձանց գտնվելու վայրի մասին, որոնց վերջին տեղեկությունները Ադրբեջանում գերի լինելու մասին են:
Հայ ռազմագերիների հարցը ՀՀ զինդատախազը քննարկել է Human Rights Watch-ի հետ