ԵՐԵՎԱՆ, 20 մարտի - Sputnik. Սիսիանի օդանավակայանում այս պահին տեղակայված են ռուսական զորքեր։ «Վերածնվող Հայաստան» նորաբաց կուսակցության անդամների` լրագրողների հետ կայացած հանդիպման ժամանակ տեղեկությունը հայտնեց Սիսիանի քաղաքապետ Արթուր Սարգսյանը` պատասխանելով օդանավակայանի մասին հարցին։
Նշենք` լուրեր են շրջանառվում, որ Սիսիանի օդանավակայանը կարող է օգտագործվել ռուսական կողմի հետ համատեղ, կամ էլ փոխանցվել ռուսական կողմին` տեղում ռուսական ռազմաբազա կառուցելու համար։
«Սիսիանի օդանավակայանում այս պահին տեղակայված են ռուսական զորքեր։ Մանրամասներ չեմ ասի` քանի հոգի են։ Իսկ ինչ վերաբերում է հետագայում այնտեղ ռուսական բազա կառուցել-չկառուցելուն, այդ մասին ոչինչ ասել չեմ կարող»,–ասաց Սարգսյանը։
Սյունիքի մարզի սահմանամերձ բնակավայրերի բնակիչները բազմիցս ահազանգել են, որ ադրբեջանական բանակի նոր մարտական դիրքերի տեղակայումը սպառնում է իրենց անվտանգությանը:
«Ո՞ւր են մեր չափագրողները, վերջապես`որտեղով է անցնում սահմանը Ներքին Հանդում». տեսանյութ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Ադրբեջանի հետ սահմանին տեղի ունեցող գործընթացները չի կարելի սահմանազատում և սահմանագծում համարել, այնտեղ ընդամենը հստակեցվում է որոշակի սահմանային կետերի դիրքը։
Հիշեցնենք, որ Արցախում մարտական գործողությունների ավարտից հետո սկսվեց Հայաստանի և Ադրբեջանի սահմանների հստակեցման գործընթացը, ինչը հանգեցրեց Սյունիքի սահմանամերձ բնակավայրերում անվտանգության, բնակարանի կորստի և այլ սեփականության խնդիրների առաջ գալուն:
Հատկապես սրվել է իրավիճակը Կապան-Գորիս ճանապարհահատվածում, ինչպես նաև մի քանի գյուղերի ՝ Ճակատենի, Դավիթ Բեկի, Որոտանի, Շուռնուխի, Ներքին Խնձորեսկի հատվածներում։
Հայերն ու ադրբեջանցիներն իրարից 2–3 մետրի վրա են. Ճակատենը զրկվել է ալեհավաք աշտարակից