ԵՐԵՎԱՆ, 20 մարտի - Sputnik. 25 տոննա մարդասիրական բեռով շարասյունը մարտի 21-ի առավոտյան Երևանից Արցախ կմեկնի։ Օգնությունը երկու ամսվա ընթացքում հավաքվել է Ռուսաստանի բոլոր անկյուններից։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում հայտնեց «Դոկտոր Լիզա» հիմնադրամի տնօրեն Նատալյա Ավիլովան:
Նրա խոսքով՝ Ստեփանակերտ են հասցվելու դեղամիջոցներ, անհատական պաշտպանության ու անձնական հիգիենայի միջոցներ, տաք իրեր, նորածինների համար նախատեսված հավաքածուներ, գազօջախներ, տաքացուցիչներ ու կահույք, այսինքն՝ այն ամենը, ինչ անհրաժեշտ է կենցաղում, ինչպես նաև ուսումնական և գեղարվեստական գրականություն:
«Մենք վաղուց ենք համագործակցում ռուսական հումանիտար առաքելության հետ՝ Սիրիայի և Դոնբասի հարցով։ Կարող եմ ասել, որ իմ հիշելով` դա խոշորագույն բեռներից մեկն է` 25 տոննա։ Այնտեղ ամենաանհրաժեշտ բաներն են` պաշտպանության միջոցներից, բժիշկների ու հիվանդների համար էլեկտրասրտագրիչներից մինչև մանկական հագուստ», - ասել է Ավիլովան։
Բեռը հավաքելուն մասնակցում են սրտացավ մարդիկ ու բարեգործական կազմակերպություններ։ Արձագանքել են նույնիսկ նրանք, ովքեր իրենք ունեն օգնության կարիք։ Նրանց թվում է նաև Եվգենի Պետրովիչը, որը հիմնադրամի խնամակալության տակ է։ Նա նվիրաբերել է իր նոր սայլակը։
«Նրան մի քանի տարին մեկ հաշմանդամի սայլակ են տալիս։ Երբ իմացավ, որ Արցախ եմ մեկնում, ասաց` փոխանցիր այդ մարդկանց և ասա, որ սգում եմ նրանց հետ միասին», - պատմեց Ավիլովան:
Նա հավելեց, որ Արցախի ողբերգությունը հուզել է շատերին։ Նախորդ հակամարտություններից նրա մոտ նման բան չի տպավորվել։
Ավիլովան ընդգծեց, որ բեռի մեջ ներառվել են նաև քիմիական պաշտպանության հատուկ համազգեստներ բժիշկների համար, պաշտպանության միջոցներ, շնչառական սարքեր, այն ամենը, ինչն անհրաժեշտ է բժիշկների պաշտպանության համար, ու նույնիսկ ականային անվտանգության մասին թռուցիկներ:
Ռուսական հումանիտար առաքելության ապահովման և լոգիստիկայի գծով գլխավոր տնօրենի տեղակալ Կոնստանտին Սարվանիդին իր հերթին Sputnik Արմենիային տված հարցազրույցում նշեց, որ բեռի ծավալներն այնպիսին են, որ անհրաժեշտ կլինի երկու ինքնաթիռ:
«Նոյեմբեր ու դեկտեմբեր ամիսներին իրականացվել է կարիքների հավաքագրում ու վերլուծություն, այդ տվյալները մշակվել են․.. Արձագանքեցին և՛ անհատները, և՛ ոչ առևտրային կազմակերպությունները, և՛ հասարակ քաղաքացիները՝ անկախ ազգությունից և կրոնից», - ասաց Սարվանիդին։
290 տոննա հումանիտար բեռ է ուղարկվել Արցախ, ևս 90 տոննա տեղ կհասնի առաջիկայում. Զինիչև
Ընդ որում, ռուսական «Շտապիր դեպի բարություն» հիմնադրամի խորհրդի անդամ Անի Մարտիրոսյանը Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ընդգծելց նաև, որ իրենց հիմնադրամը Հայաստանում գործում է պատերազմի առաջին օրերից: Նրանց ուժերով սեպտեմբերի 27-ից բացվել է զանգերի կենտրոն՝ կարիքները գնահատելու համար։
«Անհրաժեշտ է օգնության ձեռք մեկնել, որ բնակիչներն աջակցություն զգան և հասկանան, որ միայնակ չեն այս ծանր իրավիճակում, և մենք նրանց կողքին ենք», - ասաց Մարտիրոսյանը:
Լուսանկարներն ու տեսանյութերը պարտադիր են. հումանիտար բեռների ստացման նոր կարգը
Նրա խոսքով՝ արցախցիներին օգնելու համար միավորվել են Ռուսաստանի բոլոր շրջանները։ Ընդհանուր առմամբ, ուղարկվող օգնությունը ուղղակիորեն կամ անուղղակիորեն հասանելի կլինի Արցախի գրեթե բոլոր բնակիչներին։