Երևանի քաղաքապետարանը չի նորոգել Այգեպարի գնդակոծված մանկապարտեզը, բայց սխալը կուղղի

Հայկ Մարությանը խոստացել էր շենքի վերանորոգման համար գումար հատկացնել Երևանի բյուջեից, բայց ուշացել է․ հիմա իշխանությունները նախատեսում են նորոգել հարևան համայնքներից մեկի մանկապարտեզը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 մարտի – Sputnik. Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը խոստացել էր մայրաքաղաքի համայնքային բյուջեից գումար հատկացնել Տավուշի մարզի Այգեպար համայնքում 2020թ․-ի հուլիսին ռմբակոծված մանկապարտեզը նորոգելու համար, բայց նրա փոխարեն դա արել է բարեգործական հիմնադրամը։

2020թ․-ի հուլիսի 16-ին հայտնի դարձավ, որ ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վնասվել է Հայաստանի Տավուշի մարզի Այգեպար գյուղի մանկապարտեզը։

Երևանի քաղաքապետարանը չի նորոգել Այգեպարի գնդակոծված մանկապարտեզը, բայց սխալը կուղղի

Նույն օրը Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հայտնեց, որ խոսել է Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանի հետ և երևանցիների անունից ասել, որ կանգնած են Տավուշի սահմանապահ ժողովրդի կողքին։

«Պարոն մարզպետի հետ պայմանավորվածություն ենք ձեռք բերել, որ Երևանի համայնքային միջոցներով կվերանորոգենք հակառակորդի հրետանային կրակից վնասված Այգեպարի մանկապարտեզը»»,- Facebook–ի իր էջում գրել էր Մարությանը։

Սակայն Այգեպար գյուղ կատարած այցի ընթացքում պարզվել է, որ շենքն արդեն նորոգվել է այլ միջոցներով, և դա արել է հայ-ամերիկյան «Փարոս» բարեգործական հիմնադրամը։

Երևանի քաղաքապետարանը չի նորոգել Այգեպարի գնդակոծված մանկապարտեզը, բայց սխալը կուղղի

Sputnik Արմենիան հարցում ուղարկեց Երևանի քաղաքապետարան` խնդրելով պարզաբանել, թե ինչու է այդպես ստացվել։

«Հրետակոծությունից տուժած ՀՀ Տավուշի մարզի Այգեպար գյուղական համայնքի մանկապարտեզի՝ Երևանի համայնքային միջոցներով նորոգման խոստումից հետո Այգեպար համայնք են այցելել Երևանի ավագանու անդամներ: Տեղում պարզվել է, որ հիմնադրամներից մեկն արդեն ստանձնել է մանկապարտեզը սեփական միջոցներով նորոգելու պարտավորությունը»,-պատասխանեցին քաղաքապետարանից։

Ելնելով այդ փաստից և խորհրդակցելով Տավուշի մարզպետի հետ` որոշվել է Երևան համայնքի միջոցներով նորոգել ու բարեկարգել հարևան համայնքներից մեկի մանկապարտեզի շենքը։

«Այդ ուղղությամբ ներկայումս ընթանում են նախապատրաստական աշխատանքներ: Քննարկվում է Այգեձոր և (կամ) Նորաշեն համայնքների մանկապարտեզները վերանորոգելու հարցը»,-ասված է հաղորդագրության մեջ։

«Փարոս» հիմնադրամի ներկայացուցիչ Սևան Ամիրյանցն էլ Sputnik Արմենիային հայտնեց, որ իրենք այդ մանկապարտեզը նորոգել էին նաև 2017թ․-ին և իրենց բարոյական պարտքն էին համարում կրկին անել դա։

Երևանի քաղաքապետարանը չի նորոգել Այգեպարի գնդակոծված մանկապարտեզը, բայց սխալը կուղղի

Վերանորոգումն իրականացվել էր օգոստոսին, սեպտեմբերի կեսերին այնտեղ ոչ մեծ միջոցառում էր անցկացվել։

Այգեպարի մանկապարտեզը հիմնադրամի միջոցներով նորոգված միակ մանկապարտեզը չէ։ Նույնն է արվել նաև Ներքին Կարմիրաղբյուրում, Չինարիում, Մովսեսում, Վարագավանում, Պառավաքարում, Աչաջուրում, Բաղանիսում (կառուցվել է հիմքից) և Նոյեմբերյանում։

Այս տարի նախատեսվում է նորոգման աշխատանքներ կատարել նաև Արծվաբերդում։