Ոչ պատահական շնորհավորանք. ինչ մեսիջ էր հղում Բայդենն Ալիևին Արցախի վերաբերյալ

Հայկական թեմատիկայի և ղարաբաղյան հարցի վերաբերյալ կոնգրեսականների և ԱՄՆ նախագահի հայտարարությունները պետք է դիտարկել բացառապես Ջո Բայդենի և նրա վարչակազմի վարած արտաքին քաղաքական համատեքստում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 մարտի – Sputnik, Լաուրա Սարգսյան. ԱՄՆ իշխանությունները չեն պատրաստվում զիջել իրենց դիրքերը  ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի կարգավիճակում։ Ավելին, ի տարբերություն Ադրբեջանի ղեկավարության՝ նրանք կարծում են, որ Ղարաբաղյան հակամարտությունը դեռ ավարտված չէ: Դրանում համոզված է փորձագետ Սուրեն Սարգսյանը։

Մեկնաբանելով ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի շնորհավորանքը ուղղված Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, Սարգսյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց, որ այն պետք է դիտարկել Միացյալ Նահանգների նոր վարչակազմի վարած քաղաքականության համատեքստում:

Արցախի ԱԳՆ–ն արձագանքել է Ալիևի հադրության այցին

Ավելի վաղ Բայդենն Ալիևին հղած շնորհավորական ուղերձում նշել էր, որ ԱՄՆ-ն, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր, կօգնի կողմերին Ղարաբաղյան հակամարտության խաղաղ և հաստատուն լուծում գտնել և կնպաստի Հայաստանի ու Ադրբեջանի հաշտեցմանը՝ բարեկեցիկ ու խաղաղ ապագա ապահովելու համար:

«Բայդենի իշխանության գալուց հետո ԱՄՆ-ի իշխանությունները հարստացրել են արտաքին օրակարգը։ Վաշինգտոնը սկսել է ավելի շատ ժամանակ և ռեսուրսներ ծախսել արտաքին քաղաքականության վրա, որն իր մեջ ներառում է նաև Հարավային Կովկասի երկրները»,-ասաց Սարգսյանը։

Փորձագետը նշեց, որ ԱՄՆ-ի ակտիվացումը պետք է դիտարկել հենց այդ համատեքստում։ Բացի այդ, Վաշինգտոնը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներից մեկն է, և իր շնորհավորանքով Բայդենը հստակ հասկացրել է Ալիևին, որ այդ ձևաչափը չի դադարել գոյություն ունենալ և նման կարծիք հայտնելու հիմք չկա։ Ավելին, Վաշինգտոնը, ի տարբերություն Բաքվի, չի կարծում, որ հակամարտությունն ավարտված է, իսկ հարցը՝ փակված։

ԱՄՆ-ում հասկանում են, որ եթե խնդիրը շարունակում է մնալ ներկայիս մակարդակի վրա, ապա կարելի է պարբերաբար նոր սրացումներ ակնկալել։ Դրա համար էլ ամերիկյան կողմն այդ ուղղությամբ մեծ ակտիվություն է նախատեսում ԱՄՆ-ի կողմից՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահների հետ միասին։ Վաշինգտոնում հույս ունեն այնպիսի լուծումներ գտնել, որոնք կբավարարեն նաև հայկական կողմին։

Ցեղասպանության ճանաչմանն այսքան մոտ դեռ չէինք եղել․ ինչ չպետք է անի Երևանը Բայդենի օրոք

Երևանի պետական համալսարանի Միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ամբիոնի դոցենտ, պատմական գիտությունների թեկնածու Գրիգոր Բալասանյանն իր հերթին գտնում է, որ Բայդենը տողատակերում Ալիևին հիշեցրել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և ԱՄՆ-ի դերի մասին:

Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում Բալասանյանը շնորհավորանքն անվանեց ոչ պատահական։ Սակայն, ի տարբերություն Սուրեն Սարգսյանի, նա կարծում է, որ Վաշինգտոնի դերն այս հարցում այդքան ակտիվ չի լինի, և դրա համար պատճառներ կան։

Պակիստանն Արցախի հարցում հիասթափեցրեց Իլհամ Ալիևին

«ԱՄՆ-ն կսահմանափակվի հայտարարություններով՝ ցույց տալու համար, որ Վաշինգտոնը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ է, ոչ ավելին», - ասաց փորձագետը՝ հավելելով, որ դա Երևանի քաղաքականության արդյունք է։

Բալասանյանը վստահ է, որ եթե Հայաստանը դիմեր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներին՝ խնդրելով լուծել հարցերը, այդ թվում՝ ռազմագերիների վերադարձի գործընթացին վերաբերող հարցերը, ապա արձագանքն այլ կլիներ: Նա նշեց, որ ԱՄՆ-ն կարող է այդ գործընթացի վրա ազդել տարբեր իրավական կազմակերպությունների միջոցով, սակայն ընթացիկ քաղաքական դիսկուրսում Նահանգները մտադիր չեն սեփական նախաձեռնություններով հանդես գալ՝ առանց Երևանից հայց ստանալու։

Ինչ վերաբերում է Ներկայացուցիչների պալատում հայ գերիների վերադարձի մասին բանաձևին, ապա Բալասանյանը նշեց, որ այդ փաստաթուղթը ձևական բնույթ է կրում, և կոնկրետ քայլեր սպասել պետք չէ: Նա դա գնահատում է որպես Հայոց ցեղասպանության տարելիցին՝ ապրիլի 24-ին ընդառաջ հերթական նախաձեռնություն։ Բալասանյանի կարծիքով՝ այդ նախաձեռնությունը հայտարարություններից առաջ չի անցնի։

Ալիևն անձամբ է հանձնարարում Արցախի գրավյալ տարածքներից ջնջել հայկական հետքերը. Բալայան

Հիշեցնենք, որ դեռևս 2020 թ․-ի դեկտեմբերին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նշել էր, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը ոչ մի դեր չի խաղացել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում: ԵԱՀԿ ՄԽ համանախագահների այցն էլ նա գնահատել էր որպես ընդամենը սեփական նախաձեռնություն, իսկ Ղարաբաղյան հակամարտությունը համարել փակված։