Վարդանյանն Անի Սամսոնյանին խոստացավ «երեկոյան լուրջ մտածել» նրա ասածի մասին. ԱԺ–ում թեժ է

Դատական օրենսգրքում փոփոխություններ կատարելու նախագծի առնչությամբ քննարկումներն ԱԺ–ում բավական լարված մթնոլորտում են անցնում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 մարտի - Sputnik. Ազգային ժողովի արտահերթ նիստում թեժ մթնոլորտում է անցնում դատական օրենսգրքում փոփոխություններ կատարելու նախագծի քննարկումը։

Քաղաքացու դիմումը կարող է դատավորին պատժելու առիթ դառնալ. ԲԴԽ–ին լիազորություն են տալիս

Նշենք, որ նախագծով մի շարք լիազորություններ են տրվում ԲԴԽ–ին։ Մասնավորապես, դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար ԲԴԽ–ին իրավունք կունենան դիմել ֆիզիկական և իրավաբանական անձինք, ԲԴԽ–ն կարող է նորմատիվ իրավական ակտեր ընդունել դատարանների նկատմամբ, առանձնակի բարդություն ունեցող քրգործերով դատավորներ ընտրել և այլն։

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Անի Սամսոնյանը, դիմելով նախագիծը ներկայացնող ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանին, ասաց, որ նախագծով փորձ է արվում միջամտելու դատարանների և դատավորների աշխատանքին։

Փորձ է արվում ԲԴԽ–ում փոխել բալանսը. Այվազյանը` համակարգի հետ կապված զարգացումների մասին

«Նախագիծն իրականում մասնագիտական քննարկումների արդյո՞ւնք է, թե՞ քաղաքական որոշում ունեք, որ սա պետք է ընդունվի` սկիզբ դնելով դատարանների անկախությանը խոչընդոտելուն։ Մնում է հասկանալ` ո՞վ է լինելու ԲԴԽ-ի՝ ձեր սրտի նախագահը, որ այս սև գործը կատարելու է դատարանների նկատմամբ։ Ձեր խնդիրները դատարանում չեն. ձեր խնդիրը փնտրեք ձեր մեջ»,–ասաց Սամսոնյանը։

Ի պատասխան Վարդանյանը նշեց` չգիտի, թե ինչ խնդիրներ պետք է իր մեջ փնտրի, սակայն խոստանում է, որ այդ մասին երեկոյան լուրջ կմտածի։

«Անկախ նրանից, թե ով է ԲԴԽ–ի իմ սրտի նախագահը, ուզում եմ հիշեցնել, որ այն բաղկացած է 10 անդամից։ Մենք ընդլայնում ենք ԲԴԽ–ի լիազորությունները, որպեսզի այն ապահովի դատարանների անկախությունը։ Նախագծով առաջարկվում է, որպեսզի քաղաքացին, որի նկատմամբ դատավորի կողմից տեղի է ունեցել կարգապահական խախտում, անմիջականորեն դիմի ԲԴԽ-ին։ Ո՞րն է այս քայլի հակաժողովրդավարությունը»,–ասաց Վարդանյանը։

Հիշեցնենք, որ Վարդանյանն առաջարկում է բացի այս` առաջին ընթերցումից, 24 ժամվա ընթացքում կազմակերպել նախագծերի երկրորդ ընթերցման գործընթացը։

Հավելենք, որ ավելի ուշ 80 կողմ, 6 դեմ, 1 ձեռնպահ ձայների համակցությամբ նախագիծն ընդունվեց առաջին ընթերցմամբ։

«Պատերի տակ վնգստացող դատավորնե՞ր ենք, թե՞ ազնիվ պրոֆեսիոնալներ». ԲԴԽ նախագահի կոչը