Փաշինյանի «տունը» կռիվ է ընկել. նրանք մամուլից են տեղեկացել, որ ընտրություններ են լինելու

Խմբակցության անդամների հետ վերջին քննարկման ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էր, թե առաջիկայում անհնար է գնալ արտահերթ ընտրությունների, քանի որ շատ հարցեր կան։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 մարտի – Sputnik. «Արտահերթ ընտրությունների մասին Փաշինյանի որոշումը գզվռտոց է գցել «Իմ քայլում»․ սորոսական թևի պատգամավորները, որպես իշխանության փայատերեր, Նիկոլ Փաշինյանից պահանջում են ընտրությունների գնալ նոր Ընտրական օրենսգրքով, որով կփոխվի ընտրական մոդելը, և ռեյտինգայինի փոխարեն կհաստատվի համամասնական ընտրակարգ։ Նման հրապարակում է արել «Հրապարակ» թերթը։

«Նրանք հույս ունեն, որ իրենք կկարողանան ցուցակի առաջնային հորիզոնականներում տեղ զբաղեցնել և մտնել խորհրդարան։ Իսկ ռեյտինգայինի դեպքում իրենց շանսերը զրոյական են, հատկապես այն պատճառով, որ սորոսականների նկատմամբ հանրային նեգատիվ վերաբերմունք կա»,-գրում է թերթը:

Արտահերթ ընտրությունների թեմային անդրադարձել է նաև «Ժողովուրդը»։

Օրաթերթի տեղեկություններով՝ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամների մեծամասնությունն ընդհանրապես տեղյակ չի եղել, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է գնալ արտահերթ խորհրդարանական ընտրությունների: Բանն այն է, որ խմբակցության անդամների հետ վերջին՝ փետրվարի 7-ին տեղի ունեցած քննարկման ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էր, թե առաջիկայում անհնար է գնալ արտահերթ ընտրությունների, քանի որ շատ հարցեր կան, և պնդել էր, որ առանց Ընտրական օրենսգիրք փոխելու պետք չէ գնալ արտահերթ խորհրդարանական ընտրությունների, քանի որ դա վնաս է լինելու հենց իրենց:

Հունիսի 20-ին ՀՀ–ում արտահերթ ընտրություններ կանցկացվեն. Նիկոլ Փաշինյան

Նկատենք, որ սա առաջին դեպքը չէ, որ Փաշինյանի թիմակիցները մամուլից են տեղեկանում, թե առաջիկայում ինչ է սպասվելու:

«Իրավիճակը հատկապես հետաքրքիր է այն առումով, որ Փաշինյանն այս որոշումը կայացրել է ընդդիմադիր ուժերի հետ քննարկումներից հետո, և այդ մասին ևս հայտարարեց։ Ստացվում է՝ նա այս որոշումը կայացրեց ընդդիմադիրների հետ քննարկումներից հետո, և վերջիններս ավելի շատ բան գիտեին, քան իշխանական խմբակցության իր գործընկերները: Ինչպես շատ հարցերում, այս հարցում ևս Փաշինյանի թիմն ամենաանտեղյակն է»,-գրում է «Ժողովուրդը»:

Հիշեցնենք` երեկ` մարտի 18–ին, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի հետ հանդիպումից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ ամռանը` սույն թվականի հունիսի 20-ին, Հայաստանի Հանրապետությունում կանցկացվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ ԱԺ արտահերթ ընտրություններ։

Հունիսի 20-ը, որպես արտահերթ ընտրությունների օր, մեզ համար ընդունելի է. Մարուքյան

Նշենք, որ Սահմանադրության 93–րդ հոդվածի համաձայն` Ազգային ժողովի հերթական և արտահերթ ընտրությունները նշանակում է ՀՀ նախագահը: Արտահերթ ընտրությունն անցկացվում է ԱԺ–ի արձակվելուց ոչ շուտ, քան երեսուն, և ոչ ուշ, քան քառասունհինգ օր հետո: Ռազմական կամ արտակարգ դրության ժամանակ Ազգային ժողովի ընտրություն չի անցկացվում: 

Վազգեն Մանուկյանը հայտարարել է, որ չի մասնակցելու Փաշինյանի օրոք կազմակերպված ընտրությանը