Կարևոր է, որ նախընտրական փուլում գոտկատեղից ներքև հարվածները բացառենք. Միքայել Մելքումյան

ԲՀԿ–ական պատգամավորը վստահեցնում է, որ իր կուսակցությունը ոչ մի բանից հետ չի կանգնելու։ Նրա կարծիքով` հանրային ճնշումը պետք է մնա, որպեսզի բացառվի ոչ թափանցիկ ընտրությունների ռիսկը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 մարտի – Sputnik. Այժմ կարևոր է, որ նախընտրական փուլում բացառվեն գոտկատեղից ներքև հարվածները։ Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում նման կարծիք հայտնեց ԲՀԿ–ական պատգամավոր Միքայել Մելքումյանը` անդրադառնալով հունիսի 20-ին նախատեսված խորհրդարանական արտահերթ ընտրություններին։

«Պետք է արդար ընտրություն ապահովենք, իսկ նախընտրական արշավը չպետք է գնա կեղտեր թափելու ճանապարհով։ Մյուս կողմից, կարծում եմ, հանրային ճնշումը պետք է մնա, որպեսզի բացառենք ոչ թափանցիկ ընտրություններ ունենալու ռիսկերը»,–ասաց Մելքումյանը։

Նա վստահեցրեց, որ ԲՀԿ–ն ոչ մի բանից հետ չի կանգնելու։ Մելքումյանը հիշեցրեց` իրենց նպատակը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականին հասնելն էր, իսկ արտահերթ ընտրության գնալ նշանակում է, որ մինչ այդ վարչապետը պետք է հրաժարական տա։

Կարո՞ղ եք կողմնորոշվել` ինչ եք ուզում. Մարուքյանը` ընտրություններ անցկացնելուց դժգոհներին

Հարցին, թե իմա՞ստ ունի շարունակել փողոցային պայքարը, Մելքումյանը պատասխանեց. «Ապրում ենք այնպիսի երկրում, որտեղ կարող են գործընթացներ զարգանան, որոնց մասին որևէ մեկը չգիտի»։

Նրա խոսքով` եթե փողոցային պայքար լինի, ակցիաներ և այլն, այնպես չէ, որ ԲՀԿ–ն չի մասնակցելու։ Ավելին, Մելքումյանը կարծում է, որ 17 կուսակցությունների շարժումն արտահերթ ընտրությունների գնալու որոշման հարցում իր դերն ունեցել է։

Լրագրողները հետաքրքրվեցին` Հայրենիքի փրկության շարժումն այս ընթացքում կդադարեցնի՞ իր գործունեությունը, ինչին ի պատասխան էլ Մելքումյանը նշեց` եթե ժամանակավոր դադարեցում լինի, կհայտարարեն այդ մասին։ Նա հիշեցրեց, որ այս ամբողջ ընթացքում շարժումը գնաց սահմանադրական և խոհեմության ճանապարհով։

Հիշեցնենք` մարտի 18–ին «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի հետ հանդիպումից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ ամռանը` սույն թվականի հունիսի 20-ին, Հայաստանի Հանրապետությունում կանցկացվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ ԱԺ արտահերթ ընտրություններ։

Հունիսի 20-ը, որպես արտահերթ ընտրությունների օր, մեզ համար ընդունելի է. Մարուքյան

Նշենք, որ Սահմանադրության 93–րդ հոդվածի համաձայն` Ազգային ժողովի հերթական և արտահերթ ընտրությունները նշանակում է ՀՀ նախագահը: Արտահերթ ընտրությունն անցկացվում է ԱԺ–ի արձակվելուց ոչ շուտ, քան երեսուն, և ոչ ուշ, քան քառասունհինգ օր հետո: Ռազմական կամ արտակարգ դրության ժամանակ Ազգային ժողովի ընտրություն չի անցկացվում: 

Վազգեն Մանուկյանը հայտարարել է, որ չի մասնակցելու Փաշինյանի օրոք կազմակերպված ընտրությանը