ՀՀ նախագահը երկրում տիրող իրավիճակը քննարկել է Արտակ Թովմասյանի հետ

Արտակ Թովմասյանը նախագահին է ներկայացրել իրենց առաջարկություններն ու դիրքորոշումը ստեղծված իրավիճակի առնչությամբ:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 մարտի - Sputnik. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպել է «Երրորդ ուժ» քաղաքացիական նախաձեռնության ներկայացուցիչ, «Թովմասյան» հիմնադրամի ղեկավար Արտակ Թովմասյանի հետ: Տեղեկությունը հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը։

«Հանդիպմանը քննարկվել են երկրում ստեղծված իրավիճակը և ներքաղաքական ճգնաժամը հաղթահարելու ուղիները»,–նշված է հաղորդագրության մեջ:

Այս համատեքստում Արտակ Թովմասյանը ներկայացրել է իրենց առաջարկություններն ու դիրքորոշումը:

Հիշեցնենք, որ մարտի 11-ին Երևանում անցկացվեց «Երրորդ ուժ» քաղաքացիական նախաձեռնության ներկայացուցչական ժողովը: Արտակ Թովմասյանն իր ելույթում ասել էր, որ իրենց նախաձեռնությունը շատ արագ կազմակերպվեց, քանի որ երկրում տիրող իրավիճակը բոլորին ստիպում է շատ արագ միավորվել և կարողանալ իրականացնել համապատասխան որոշումներ։

Հիշեցնենք, որ Հայաստանում Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով բողոքի ակցիաներ սկսվեցին նոյեմբերի 9-ին եռակողմ հայտարարության ստորագրումից հետո։

Ներքաղաքական իրավիճակն ավելի սրվեց, երբ ԶՈւ գլխավոր շտաբը փետրվարի 25-ին պահանջեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը` նշելով, որ քաղաքական ղեկավարությունը պետությունը տանում է դեպի վտանգավոր սահմանագիծ։ Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ վարչապետը պաշտոնից հեռացրեց ԳՇ պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանին։

Մարտի 18–ին «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի հետ հանդիպումից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ ամռանը` սույն թվականի հունիսի 20-ին, Հայաստանի Հանրապետությունում կանցկացվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ ԱԺ արտահերթ ընտրություններ։

Նշենք, որ Սահմանադրության 93–րդ հոդվածի համաձայն` Ազգային ժողովի հերթական և արտահերթ ընտրությունները նշանակում է ՀՀ նախագահը: Արտահերթ ընտրությունն անցկացվում է ԱԺ–ի արձակվելուց ոչ շուտ, քան երեսուն, և ոչ ուշ, քան քառասունհինգ օր հետո: Ռազմական կամ արտակարգ դրության ժամանակ Ազգային ժողովի ընտրություն չի անցկացվում: