Հայաստանի ատոմակայանում թափոնները կկրճատեն նոր տեխնոլոգիայով

Միջուկային թափոնների գոլորշիացման նոր սարքն արդեն Ռուսաստանից Հայաստան է հասել։ Այժմ «Հայատոմ» ինստիտուտը կայանի աշխատանքային հանգույցներին միացնելու նախագիծ է մշակում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 մարտի - Sputnik.Հայաստանի ատոմակայանի գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Մովսես Վարդանյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց, որ ԱԷԿ-ում ռադիոակտիվ թափոնների ծավալի կրճատման գործընթացը կիրականացվի ավելի ժամանակակից տեխնոլոգիայով։

Հայաստանն ուզում է մինչև 2036 թվականը երկարացնել ԱԷԿ-ի աշխատելու ժամկետը․ կայանի տնօրեն

Ռեակտորի շահագործման ընթացքում առաջացող ռադիոակտիվ թափոնները լուծված են ջրում (քանի որ ռեակտորի ակտիվ գոտու միջով ջուր է անցնում): Այդ թափոնները մի քանի անգամ գոլորշիացվում են մաքուր (անվնաս) ջուրն ու չոր թափոններն իրարից անջատելու համար:

Այդ նպատակով կայանում արդեն այսպես կոչված խորքային գոլորշիացման սարք է գործում, սակայն այն շահագործվում է արդեն երկար տարիներ և ավելի ժամանակակից սարքով փոխարինվելու կարիք ունի։ Սարքը հավաքել է ռուսական ձեռնարկություններից մեկը։ Մեծամորի ԱԷԿ-ն այն գնել է ռուսական վարկով, որով իրականացվել է ԱԷԿ-ի հիմնանորոգման մեծ մասը։

Սարքն արդեն Հայաստանում է, բայց դեռ չի գործարկվել։ Դրա համար «Հայատոմ» ԳՀԻ-ն առանձին նախագիծ է կազմում, որով սարքը կմիացվի կայանի աշխատանքային հանգույցներին։

«Սարքը կա, նախագիծը կլինի շուտով, մնում է մոնտաժը։ Մեր հաշվարկով` 2022 թվականից նոր սարքն արդեն կշահագործվի», - նշեց Վարդանյանը։

Հիշեցնենք, որ ԱԷԿ-ում շարունակվում են հիմնանորգման աշխատանքները։ Այս տարի ռեակտորի մետաղական կորպուսի այրման նախապատրաստություն է իրականացվում, կսկսվի սառեցնող աշտարակների վերանորոգումը, կթարմացվեն ռեակտորի վթարային համակարգերը, վթարային սնուցման համակարգերը (դիզելային գեներատորները, որոնք կշահագործվեն, եթե ռեակտորն անջատվի)։ Հաշվի առնելով աշխատանքների ծավալները` ատոմակայանը 141 օր չի գործելու։

Ռազմավարության նպատակը` նոր ատոմակայանի կառուցում. Պապիկյանն ու ՌԴ դեսպանն ԱԷԿ են այցելել