Այս պահին ավելի քան 600 մարդ է մահվան հետ կռիվ տալիս. Ավանեսյանը` կորոնավիրուսի մասին

ՀՀ առողջապահության նախարարի խոսքով` թեև մասնագետներն ամեն ինչ անում են պացիենտներին փրկելու համար, սակայն չի հաջողվում մահվան ելքերից խուսափել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 մարտի – Sputnik. Կորոնավիրուսով վարակվածների մոտ 20 տոկոսը բավական ծանր են տանում հիվանդության ընթացքը, իսկ 5 տոկոսի դեպքում վարակը ծայրահեղ ծանր ընթացք է ստանում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

«Այժմ ունենք ավելի քան 600 ծանր և ծայրահեղ ծանր վիճակում գտնվող պացիենտներ, որոնք կյանքի ու մահվան կռիվ են տալիս, և մեր մասնագետներն էլ անում են հնարավորը, որ նրանց օգնեն, բայց ունենում ենք նաև մահվան ելքեր, որը, ցավոք սրտի, անխուսափելի է»,- ասաց նա։

Նախարարի խոսքով` թեև մշտապես ավելացնում են մահճակալների և բուժաշխատողների թիվը, սակայն երկու դեպքում էլ առողջապահական համակարգի ռեսուրսներն անսպառ չեն, և եթե գա մի պահ, որ կորոնավարակի տարածվածությունը դառնա անկառավարելի, որոշ քաղաքացիներ կզրկվեն պատշաճ բուժօգնություն ստանալու հնարավորությունից։

Ո՞ր դեպքում կսկսեն մարդկանց տուգանել. ՀՀ-ն անցնում է սահմանափակումների խստացված ռեժիմի

«Մենք չենք կարող թույլ տալ, որ վարակի տարածվածությունը դուրս գա կառավարելի մակարդակից, և մենք ունենանք քաղաքացիներ, որոնք չեն կարողանա ստանալ անհրաժեշտ բժշկական օգնություն»,- նշեց Ավանեսյանը։

Հիշեցնենք` Հայաստանում արդեն 182056 մարդ է վարակվել կորոնավիրուսով, հիվանդությունը 3320 կյանք է խլել։

«Սպուտնիկ V»–ի նոր խմբաքանակ կունենանք. ի՞նչ փուլում է Covid-19-ի դեմ պատվաստումների հարցը