Բռնության են դիմել, սնունդի մնացորդը տվել. ամուսինները թրաֆիքինգի են ենթարկել անչափահասի

Տղան ու կթվորուհին նաև ծաղրել են անչափահասին, ծեծել, հայհոյել ու տեսանկարահանել այդ ամենը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 մարտի – Sputnik․ Իրավապահները բացահայտել են թրաֆիքինգի հերթական դեպքը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։

Ամուսիններ՝ 61-ամյա Լ․Կ․-ին, 50-ամյա Ա․Ղ․-ին և իրենց որդուն՝ 18-ամյա Վ․Կ․-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի մի շարք հոդվածներով։ Պարզվել է, որ նրանք 2018 թվականի դեկտեմբերից մինչև 2019 թվականի հունիսն ընկած ժամանակահատվածում կատարել են մարդու՝ հարկադիր աշխատանքի ձևով թրաֆիքինգ կամ շահագործում՝ արարքի կատարման պահին անչափահաս տարիքում գտվող Ա.Ի.-ի նկատմամբ։

Երևանցի ամուսինները թրաֆիքինգի են ենթարկել մուրացկաններին, ծեծել ու սպառնացել

«Օգտագործելով վերջինիս վիճակի խոցելիությունը, խաբեության և վստահությունը չարաշահելու միջոցով շահագործել են նրան, չեն վճարել կատարված աշխատանքի դիմաց վարձատրության՝ նախնական բանավոր պայմանավորվածությամբ որոշված գումարը, պահել են նվաստացուցիչ և անմարդկային պայմաններում, իսկ մայրը և որդին վերջինիս նկատմամբ կյանքի և առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքներով և դրա գործադրմամբ հարկադրել են աշխատել»,- նշված է հաղորդագրության մեջ։

Բացի այդ, վարույթն իրականացնող մարմնի կողմից ձեռք են բերվել բավարար ապացույցներ առ այն, որ 2018 թվականին ընտանիքի անչափահաս որդին և Լ.Կ.-ի մոտ որպես կթվորուհի աշխատող Հ.Բ.-ն տուժող Ա.Ի.-ին դիտավորյալ կերպով պատճառել են հոգեկան տառապանք անասնաֆերմային կից տնակում։

Մասնավորապես՝ որդին տուժող Ա.Ի-ին ստիպողաբար կերակրել է ուտելիքի մնացորդներ, իսկ Հ.Բ.-ն այդ ընթացքում, առանց պատճառի և առիթի, ձեռքերով և ոտքերով հարվածել է վերջինիս, հայհոյել, որի ժամանակ Վ.Կ-ն տեսանկարահանել է այդ ամենը իր բջջային հեռախոսով և ծաղրանքի ենթարկել Ա.Ի-ին:

Նախաքննությունը շարունակվում է։