Twitter-ը վերանայում է իր քաղաքականությունը համաշխարհային առաջնորդների նկատմամբ

Twitter-ը խորհրդակցություններ է անցկացնում մարդու իրավունքների ոլորտի մի շարք փորձագետների ու գիտնականների հետ, որոնց կարծիքները հաշվի կառնվեն միկրոբլոգի քաղաքականության առաջիկա վերանայման մեջ:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 մարտի -Sputnik. Twitter միկրոբլոգի ծառայությունը հայտնել է, որ վերանայում է իր քաղաքականությունը համաշխարհային առաջնորդների նկատմամբ, որպեսզի որոշի` ինչպես վարվել այն քաղաքական գործիչների հետ, որոնք կխախտեն սոցիալական ցանցի օգտագործման կանոնները:

«Հաշվի առնելով Twitter-ում մշտապես փոփոխվող քաղաքական դիսկուրսի բնույթը՝ ուզում ենք, որ մեր մոտեցումը միշտ մնա արդիական։ Այդ պատճառով վերանայում ենք մեր մոտեցումը համաշխարհային առաջնորդների նկատմամբ», — նշված է միկրոբլոգի կայքում հրապարակված հաղորդագրության մեջ:

Twitter-ը մտադիր է այս հարցի լուծման համար իր օգտատերերից օգնություն խնդրել։

 «Ընդհանուր առմամբ ուզում ենք լսել հասարակությունից, թե արդյոք նրանք կարծում են, որ համաշխարհային առաջնորդները պետք է ենթարկվեն նույն կանոններին, ինչ Twitter-ի մյուս օգտատերերը։ Եվ ինչ հարկադրանքի միջոցներ կիրառել, երբ համաշխարհային առաջնորդը խախտի կանոնները», - հայտնել է Twitter-ը։

«Չի կարելի ժամանակ կորցնել». Բայդենն առաջին գրառումն է արել ԱՄՆ նախագահի Twitter-յան էջում

Հաղորդագրության համաձայն՝ մարտի 19-ից ապրիլի 12-ը ծառայությունն իր օգտատերերի շրջանում հարցում կանցկացնի։ Այն հասանելի կլինի 14 լեզուներով, ներառյալ ռուսերենը: Twitter-ի ղեկավարության խոսքով՝ դա արվում է, որ արձագանքներում արտացոլվեն «գլոբալ հեռանկարները»: Twitter-ը նաև խորհրդակցություններ է անցկացնում մարդու իրավունքների մի շարք փորձագետների, հասարակական կազմակերպությունների ղեկավարների ու գիտնականների հետ, որոնց կարծիքները հաշվի կառնվեն միկրոբլոգի քաղաքականության առաջիկա վերանայման մեջ:

Twitter-ը հունվարի սկզբին «ընդմիշտ» արգելափակել է ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի մուտքն իր հարթակ՝ նրա կողմնակիցների կողմից Կապիտոլիումի գրավումից հետո: Մինչ այդ ընկերությունը ժամանակավոր արգելափակել էր նախագահի էջը, սակայն Կապիտոլիումի վրա հարձակումից հետո արգելքը մշտական է դարձրել։ Թվիթերն իր գործողությունները բացատրել է այն մտավախությամբ, որ Թրամփի արտահայտությունները «կշարունակեն բռնության դրդել»: