Փաշինյանը պետք է հրաժարական տա ապրիլի երկրորդ կեսին. պատգամավոր

Պատգամավոր Տարոն Սիմոնյանը վստահեցնում է` «Լուսավոր Հայաստանի» և իշխանության միջև որևէ պայմանավորվածություն չկա, իշխող դաշինքը համաձայնել է միայն արտահերթ ընտրությունների անցկացմանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 մարտի – Sputnik. Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը պետք է հրաժարական տա ապրիլի երկրորդ կեսին, Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը՝ անդրադառնալով առաջիկա արտահերթ ընտրություններին:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հայտնեց, որ հունիսի 20-ին Հայաստանում ԱԺ արտահերթ ընտրություններ կանցկացվեն: Վարչապետը նման հայտարարությամբ հանդես եկավ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ հանդիպումից հետո։ Հանդիպման ընթացքում արձանագրվել է, որ ստեղծված ներքաղաքական իրադրությունից լավագույն ելքը արտահերթ խորհրդարանական ընտրություններն են: Բացի այդ, Փաշինյանը հանդիպում էր ունեցել նաև «Լուսավոր Հայաստանի» առաջնորդ Էդմոն Մարուքյանի հետ։

«Դա (վարչապետի հրաժարականը. խմբ.) պետք է տեղի ունենա ընտրություններից 45-60 օր առաջ, և եթե հետհաշվարկ անենք հունիսի 20–ից, ապա օրենքով վարչապետը պետք է հրաժարական տա ապրիլի երկրորդ կեսին», - պարզաբանեց Սիմոնյանը։

Ըստ պատգամավորի` «Լուսավոր Հայաստանի» պահանջները մասամբ են բավարարվել՝ միայն արտահերթ ընտրությունների առումով։ Այլ հարցերի շուրջ ոչ մի պայմանավորվածություն չկա։

Դավադիր գործարք. ՀԱԿ–ը մերժում է ներկա օրենսգրքով ընտրություններ անցկացնելու որոշումը

Ինչ վերաբերում է ռազմական դրությունը չեղյալ հայտարարելուն (դա պետք է ընտրություններ անցկացնելու համար), ապա «Լուսավոր Հայաստանն» արդեն մի քանի անգամ հանդես է եկել նման նախաձեռնությամբ, բայց մերժվել է։

Արթուր Վանեցյանի գլխավորած կուսակցությունը կմասնակցի արտահերթ ընտրություններին

«Մի քանի օր առաջ պաշտպանության հանձնաժողովի ժամանակ մենք և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը կրկին հանդես եկանք ռազմական դրությունը հանելու առաջարկով, կրկին մերժվեցինք։ Հուսով ենք` այդ հարցը կընդգրկվի լիագումար նիստի օրակարգում և հավանության կարժանանա»,– ասաց Սիմոնյանը։

Նշենք, որ Սահմանադրության 93–րդ հոդվածի համաձայն` Ազգային ժողովի հերթական և արտահերթ ընտրությունները նշանակում է ՀՀ նախագահը: Արտահերթ ընտրությունն անցկացվում է ԱԺ–ի արձակվելուց ոչ շուտ, քան երեսուն, և ոչ ուշ, քան քառասունհինգ օր հետո: Ռազմական կամ արտակարգ դրության ժամանակ Ազգային ժողովի ընտրություն չի անցկացվում: 

Հունիսի 20-ը` որպես արտահերթ ընտրությունների օր, մեզ համար ընդունելի է. Մարուքյան