ԵՐԵՎԱՆ, 18 մարտի – Sputnik. Ըմբիշ Վազգեն Թևանյանը Հայաստանը կներկայացնի այս տարվա օլիմպիական խաղերում. Նա ևս Տոկիո-2020-ի ուղեգիր նվաճեց Բուդապեշտում անցկացվող վարկանիշային մրցաշարում։
Հայաստանի հավաքականի անդամ Վազգեն Թևանյանը (65 կգ) գոտեմարտեց Լեհաստանը ներկայացնող 33-ամյա Մոգամեդմուրադ Գաջիևի, որը Եվրոպայի կրկնակի չեմպիոն է։ Հայ ըմբիշը հաղթեց 4:2 հաշվով՝ դուրս գալով եզրափակիչ և ապահովելով օլիմպիական ուղեգիրը։
2020թ. աշխարհի գավաթի հաղթող Վազգեն Թևանյանը որակավորման փուլում 11։0 հաշվով հաղթել էր բուլղարացի Վլադիմիր Դուբովին, իսկ քառորդ եզրափակիչի ուղեգիրը վիճարկել էր Բելառուսի ներկայացուցիչ Նիուրգուն Սկրիաբինի հետ և հաղթել 7։5 հաշվով։ Քառորդ եզրափակիչում Թևանյանը 6։4 հաշվով առավելության էր հասել Ռիո-2016 օլիմպիական խաղերի չեմպիոն, վրացի Վլադիմիր Խանչեգաշվիլիի նկատմամբ։
Հիշեցնենք, որ Թևանյանից առաջ օլիմպիական ուղեգիր էր նվաճել Արսեն Հարությունյանը։