Վազգեն Մանուկյանն Օնիկ Գասպարյանին կոչ է անում «չենթարկվել որևէ ապօրինի հրամանի»

Հայրենիքի փրկության շարժման առաջնորդը դատախազության կողմից քրեական գործ չհարուցելու, Փաշինյանի վարչախմբի կողմից հակապետական և ապօրինի գործողությունները շարունակելու պարագայում Շարժումը կձեռնարկի իրավիճակին համապատասխանող բոլոր անհրաժեշտ քայլերը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 մարտի – Sputnik. Հայրենիքի փրկության շարժումը հայտարարաություն է տարածել ՀՀ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի շուրջ վերջին զարգացումների վերաբերյալ։

Նշենք, որ Վարչական դատարանն ընդունել էր միջանկյալ որոշում, ըստ որի Գասպարյանը մնում է իր պաշտոնին՝ մինչև դատական վերջնական ակտի ընդունումը։ Որոշման մեջ դատարանն անվավեր է ճանաչել Գասպարյանի պաշտոնանկությունն առանց համապատասխան վարչական արձանագրության ու ժամանակավորապես բավարարել է հայցը։

Դրան հետևել էր կառավարության պարզաբանումը, որտեղ նշվում է, որ Օնիկ Գասպարյանի ազատումը, թեկուզ առանց նախագահի հաստատման, վավերական է իրավունքի ուժով։ Ըստ կառավարության հաղորդագրության՝ Սահմանադրությունն այսպիսի դեպքերում հակառակ որոշում չի նախատեսում։

«Վարչապետի աշխատակազմի «պարզաբանումն» ուղղակի կոչ է՝ չենթարկվելու դատարանի կայացրած ակտին, ինչը քրեորեն պատժելի արարք է: Այս առնչությամբ ՀՀ դատախազությունը պարտավոր է հարուցել քրեական գործ: Փաշինյանն ու իր վարչախումբն այս քայլով հերթական անգամ իրենց դնում են Սահմանադրությունից և օրենքից դուրս՝ ևս մեկ հարված հասցնելով երկրի սահմանադրական կարգին»,–նշված է հաղորդագրության մեջ:

Ստեղծած իրավիճակում Հայրենիքի փրկության շարժումը կոչ է անում ՀՀ զինված ուժերին՝ անշեղորեն առաջնորդվել օրենքով՝ դատարանի որոշմամբ, չենթարկվել որևէ ապօրինի հրամանի և շարունակել իրականացնել իր սահմանադրական առաքելությունը:

«Ես մի քիչ ուրիշ ձև ինձ կպահեի». Վազգեն Մանուկյանն Օնիկ Գասպարյանի` դատարան դիմելու մասին

«ՀՀ դատախազության կողմից քրեական գործ չհարուցելու, Փաշինյանի վարչախմբի կողմից հակապետական և ապօրինի գործողությունները շարունակելու պարագայում Շարժումը կձեռնարկի իրավիճակին համապատասխանող բոլոր անհրաժեշտ քայլերը»,–նշված է հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք` ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբը փետրվարի 25-ին պահանջեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը` նշելով, որ քաղաքական ղեկավարությունը պետությունը տանում է դեպի վտանգավոր սահմանագիծ։ Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ վարչապետը պաշտոնից հեռացրեց ԳՇ պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանին։

Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ռազմական հեղաշրջման փորձի մասին և քաղաքացիներին կոչ արեց հավաքվել Հանրապետության հրապարակում` հեղափոխությունը պաշտպանելու համար։

Նա հայտնեց նաև, որ ստորագրել է ԳՇ շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից հեռացնելու փաստաթուղթը, որը, սակայն, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը չստորագրեց և հետ ուղարկեց փետրվարի 27–ին։ Նույն օրը վարչապետը առաջարկությունը նորից ուղարկեց ՀՀ նախագահին։

Մարտի 2-ին հայտնի դարձավ, որ նախագահը չի ստորագրել Օնիկ Գասպարյանին ԳՇ պետի պաշտոնից ազատելու հրամանագիրը, բայց ՍԴ է դիմելու ոչ թե Նիկոլ Փաշինյանի ներկայացրած հրամանագրի նախագծի սահմանադրականության հարցը պարզելու համար, այլ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» 2017թ. նոյեմբերի 15-ի ՀՀ օրենքի՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը որոշելու խնդրանքով:

Կառավարությունը հրապարակեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը` նշելով, որ 2021թ. մարտի 10-ից Օնիկ Գասպարյանն իրավունքի ուժով համարվում է ազատված զբաղեցրած պաշտոնից։

Մինչ այդ ՀՀ նախագահի աշխատակազմը հայտնեց, որ Արմեն Սարգսյանը դիմում է ներկայացրել Սահմանադրական դատարան «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» 2017թ. նոյեմբերի 15-ի օրենքի՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը որոշելու խնդրանքով: