«Տղա՛ս, դու պիտի շարունակես այն, ինչ հայրդ քեզ է ժառանգել». ՀՀ նախագահը պարգևներ է հանձնել

ՀՀ նախագահը համոզված է, որ Դալիբալթայանի ու Ղազարյանի հետնորդները շարունակելու են նրանց գործը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 մարտի – Sputnik.Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր նախագահական նստավայրում ընդունել է գեներալ-գնդապետ Գուրգեն Դալիբալթայանի և ՀՀ ՊՆ զորամասի հրամանատար, գնդապետ Թաթուլ Ղազարյանի ընտանիքի անդամներին։ Տեղեկությունը հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Դալիբալթայանն ու Ղազարյանը հետմահու պարգևատրվել են Հայրենիքի շքանշանով: ՀՀ նախագահը պարգևները հանձնել է նրանց հարազատներին։

«Տղա՛ս, դու պիտի շարունակես այն, ինչ հայրդ քեզ է ժառանգել». ՀՀ նախագահը պարգևներ է հանձնել

Հանձնելով պարգևը գեներալ-գնդապետ Դալիբալթայանի որդուն՝ նախագահ Սարգսյանն ընդգծել է այն ներդրումը, որն առաջին պատերազմում հաղթանակի գործում ունեցել են Խորհրդային Միության տարբեր վայրերից հայրենիք վերադարձած հայ սպաները՝ բերելով ռազմական արվեստ, պրոֆեսիոնալիզմ և իրենց երկար տարիների փորձառությունը. «Գեներալ Դալիբալթայանն կրթություն էր ստացել թե՛ Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիայում, թե՛ գլխավոր շտաբի ակադեմիայում, և իր ողջ փորձառությամբ օգտակար եղավ հայրենիքին՝ դառնալով մեր գլխավոր շտաբի առաջին ղեկավարն ու այնուհետև երկար տարիներ ծառայելով հայրենիքին»:

Հայրենիքի շքանշանը հանձնելով գնդապետ Թաթուլ Ղազարյանի որդուն և եղբորը՝ նախագահը նշել է, որ Թաթուլ Ղազարյանը օրինակ է դարձել իր ռազմական ընկերների, ողջ բանակի համար։ «Նրա նվիրվածությունը, կարգապահությունը, որպես հրամանատար որոշումներ՝ փայլո՛ւն որոշումներ ընդունելու տաղանդը բնորոշ են իսկական հերոսին»:

Դիմելով հերոսի որդուն՝ նախագահը վստահություն է հայտնել, որ նրա ընտանիքը շարունակելու է Թաթուլ Ղազարյանի գործը. «Քո պարտականությունը, տղա՛ս, շարունակելն է այն, ինչ հայրդ քեզ է ժառանգել: Իսկ հայրդ քեզ ժառանգել է նվիրումով ծառայել հայրենիքին»:

Սարգսյանի մեկ այլ հրամանագրով «Աստղիկ» բժշկական կենտրոնի տնօրեն Ասատուր Ասատրյանը, կորոնավիրուսային համավարակի կանխարգելման, վերահսկման և բուժման աշխատանքների կազմակերպման ու համակարգման գործում ներդրած ավանդի համար, պարգևատրվել է Մխիթար Հերացու մեդալով:

ՀՀ Նախագահը բժշկական կենտրոնի տնօրենին է հանձնել մեդալը և շնորհակալություն հայտնել աշխատանքի նկատմամբ ցուցաբերած նվիրումի համար:

«Ես հպարտ եմ, որ Երևանում կա հիվանդանոց, որը ոչնչով չի տարբերվում միջազգային հիվանդանոցներից, ինչ-որ տեղ նաև առավելություն ունի, որովհետև պրոֆեսիոնալիզմին ու կարգապահությանն ավելանում է հայկական հոգատարությունը: Այսինքն` մենք գտել ենք այն մոդելը, որը լավագույններից է աշխարհում` պրոֆեսիոնալիզմ, կարգապահություն, մաքրություն և դրա կողքին` մարդկային ջերմ հոգատարություն,-նշել է նախագահը: - Միայն այդպիսի որակի դեպքում կարող ենք լուծել ոչ միայն ամենօրյա խնդիրները, այլև պատրաստ լինել կորոնավիրուսի նման արհավիրքներին»:

Պարգևատրման արարողության ավարտին դիմելով ներկաներին՝ Սարգսյանը հույս է հայտնել, որ նրանք իրենց հետ կտանեն այն վստահությունը, որ պետությունը, հայրենիքն ու ժողովուրդը գնահատում են իրենց հարազատների և իրենց ներդրումը։

Նոր ազգային հերոս ունենք. գնդապետ Գարեգին Պողոսյանը պարգևատրվել է Հայրենիքի շքանշանով