Տեղի կունենա Նիկոլ Փաշինյան–Գագիկ Ծառուկյան հանդիպում

Վարչապետն արտահերթ ընտրությունների օրակարգով կհանդիպի նաև Գագիկ Ծառուկյանի հետ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 մարտի - Sputnik. Այսօր տեղի կունենա վարչապետ Նիկոլ Փաշինյանի և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հանդիպումը։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանը։

Կանխատեսելի Հայաստանը. ինչու ընդդիմությունը չի կարողանում հասնել Փաշինյանի հրաժարականին

Հիշեցնենք՝ Փաշինյանն արտահերթ ընտրությունների օրակարգով արդեն հանդիպել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար էդմոն Մարուքյանի հետ։ Հանդիպումից հետո «Լուսավոր Հայաստանը» հայտնել էր, որ հուշագիր չեն ստորագրելու:

Մարտի 12-ին լրատվամիջոցների հետ հարցազրույցի ժամանակ Գագիկ Ծառուկյանը նշել էր, որ պատրաստ է հանդիպել Փաշինյանի հետ։ Նրա խոսքով՝ հանդիպումն ու քննարկումն անհրաժեշտ են ստեղծված իրավիճակն օր առաջ հանգուցալուծելու համար։ Ծառուկյանը վստահեցրել էր` ոչ թե գնում է հանդիպման, որպեսզի կոալիցիա կազմի նրա հետ, այլ պահանջի վարչապետի հրաժարականը։

Հավելենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ընդդիմադիր Հայրենիքի փրկության շարժումը փետրվարի 25-ից անժամկետ նստացույց է սկսել մայրաքաղաքի Բաղրամյան պողոտայում։

Ընդդիմադիրները պահանջում են, որ ժամանակավոր կառավարություն ստեղծվի՝ Վազգեն Մանուկյանի գլխավորությամբ, ապա, մոտ մեկ տարի անց՝ խորհրդարանական արտահերթ ընտրություններ անցկացվեն։

Իշխանությունները, սակայն, առաջարկում են քննարկել արտահերթ ընտրություններ անցկացնելու հարցը, բայց առանց նոր վարչապետի։

Ծառուկյանը Փաշինյանի հետ հուշագիր պետք է որ չստորագրի. Սաղաթելյան