Օնիկ Գասպարյանի պաշտոնավարման վերաբերյալ որոշումը հարկադիր կատարում չի ենթադրում. Բադասյան

ՀՀ արդարադատության նախարար խոսքով`գործ ունենք այնպիսի գործընթացի ավարտի հետ, ըստ որի՝ ԳՇ պետն ազատված է զբաղեցրած պաշտոնից, սահմանադրական նորմերը հնարավոր չէ այնպես մեկնաբանել, որով իրավիճակը կբերի նախկին իրավիճակի։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 մարտի – Sputnik. Վարչական դատարանի որոշումը, որը վերաբերում է Օնիկ Գասպարյանի պաշտոնավարմանը, հարկադիր կատարում չի ենթադրում։ Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը:

Վազգեն Մանուկյանն Օնիկ Գասպարյանին կոչ է անում «չենթարկվել որևէ ապօրինի հրամանի»

«ՀՀ նախագահը ԳՇ պետին պաշտոնից ազատելու վարչապետի միջնորդության վերաբերյալ առարկություն է ներկայացրել, ինչը կառավարության ղեկավարը չի ընդունել, իսկ Սահմանադրության 139-րդ հոդվածի 2-րդ մասը հստակ կանոնակարգում է, որ այդ ակտն իրավունքի ուժով ուժի մեջ է մտնում: Սահմանադրական այդ նորմը որևէ շրջադարձի, կասեցման հնարավորություն թույլ չի տալիս: Գործ ունենք այնպիսի գործընթացի ավարտի հետ, ըստ որի՝ ԳՇ պետն ազատված է զբաղեցրած պաշտոնից, իսկ վարչական դատարանի որոշումը որևէ հարկադիր կատարում չի ենթադրում, սահմանադրական նորմերը հնարավոր չէ այնպես մեկնաբանել, որով իրավիճակը կբերի նախկին իրավիճակի»,- պարզաբանեց նախարարը:

Բադասյանի խոսքով`նախագահն արդեն իսկ հայտարարել է, որ չի ստորագրելու Արտակ Դավթյանին ԳՇ պետ նշանակելու միջնորդությունը, չի դիմելու նաև ՍԴ, ուստի Սահմանադրության դրույթի իրավունքի ուժով վրա է հասնելու Դավթյանի նշանակումը, այս հարցում գործադրի կամքից այլևս ոչինչ կախված չէ։

Հիշեցնենք` ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբը փետրվարի 25-ին պահանջեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը` նշելով, որ քաղաքական ղեկավարությունը պետությունը տանում է դեպի վտանգավոր սահմանագիծ։ Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ վարչապետը պաշտոնից հեռացրեց ԳՇ պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանին։

Օնիկ Գասպարյանն առավոտից աշխատավայրում է՝ Գլխավոր շտաբում

Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ռազմական հեղաշրջման փորձի մասին և քաղաքացիներին կոչ արեց հավաքվել Հանրապետության հրապարակում` հեղափոխությունը պաշտպանելու համար։

Նա հայտնեց նաև, որ ստորագրել է ԳՇ շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից հեռացնելու փաստաթուղթը, որը, սակայն, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը չստորագրեց և հետ ուղարկեց փետրվարի 27–ին։ Նույն օրը վարչապետը առաջարկությունը նորից ուղարկեց ՀՀ նախագահին։

Մարտի 2-ին հայտնի դարձավ, որ նախագահը չի ստորագրել Օնիկ Գասպարյանին ԳՇ պետի պաշտոնից ազատելու հրամանագիրը, բայց ՍԴ է դիմելու ոչ թե Նիկոլ Փաշինյանի ներկայացրած հրամանագրի նախագծի սահմանադրականության հարցը պարզելու համար, այլ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» 2017թ. նոյեմբերի 15-ի ՀՀ օրենքի՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը որոշելու խնդրանքով:

Կառավարությունը հրապարակեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը` նշելով, որ 2021թ. մարտի 10-ից Օնիկ Գասպարյանն իրավունքի ուժով համարվում է ազատված զբաղեցրած պաշտոնից։

Մինչ այդ ՀՀ նախագահի աշխատակազմը հայտնեց, որ Արմեն Սարգսյանը դիմում է ներկայացրել Սահմանադրական դատարան «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» 2017թ. նոյեմբերի 15-ի օրենքի՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը որոշելու խնդրանքով:

Մարտի 18-ին հայտնի դարձավ, որ Վարչական դատարանի դատավոր Մհեր Պետրոսյանը բավարարել է Օնիկ Գասպարյանի հայցի ապահովման միջոցի միջնորդությունը։  

Գասպարյանի պաշտպան Արթուր Հովհաննիսյանն էլ ֆեյսբուքյան իր էջում գրեց, որ որոշումն ուսումնասիրելու դեպքում այլևս հարցեր չեն առաջանա, որ Գասպարյանը շարունակում է պաշտոնավարել որպես ԶՈւ ԳՇ պետ: