Նիկոլ Փաշինյանը դատի է տվել Զարուհի Փոստանջյանին

Վարչապետը պահանջում է զրպարտություն համարվող փաստացի տվյալները հրապարակայնորեն հերքելու և զրպարտության համար նախատեսված փոխատուցում տալ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 մարտի - Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դատի է տվել «Երկիր ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանին: Տեղեկությունը հրապարակվել է Դատական տեղեկատվական համակարգում։

Փաշինյանը պահանջում է զրպարտություն համարվող փաստացի տվյալները հրապարակայնորեն հերքել և զրպարտության համար նախատեսված փոխատուցում բռնագանձել։ Հայցը մակագրվել Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նաիրա Ավետիսյանին:

Զարուհի Փոստանջյանի դեմ քրգործ է հարուցվել սուտ մատնության հատկանիշներով

Դատական նիստի օր նշանակված չէ։ Հայցում նշված չէ, թե զրպարտություն ասելով Փաշինյանը Փոստանջյանի հատկապես որ ասածն ի նկատի ունի, բայց ենթադրվում է, որ խոսքը «Հայելի» ակումբում նրա հայտարարության մասին է։

Հիշեցնենք, որ 2021թ.-ի փետրվարի 8-ին «Հայելի» մամուլի ակումբում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ Փոստանջյանը հայտարարել էր, որ Փաշինյանը և նրա կինը երազել են հանձնել հողերը, վերջիններս այդ մասին 2008թ. գրել են, հավաքագրվել են դրա ներքո, գործարքն անելու վերաբերյալ գումարներ են ստացել:

Այս դեպքով ՀՔԾ–ն սուտ մատնության հատկանիշներով քրգործ էր հարուցել։ Զարուհի Փոստանջյանը, ներկայանալով վարույթն իրականացնող մարմին, շարունակել է պնդումներ կատարել ՀՀ վարչապետի և նրա կնոջ կողմից հանցանք կատարելու վերաբերյալ` հրաժարվելով, սակայն, հանցագործության մասին գրավոր հաղորդում և բացատրություններ ներկայացնելուց:

Տեղի կունենա Նիկոլ Փաշինյան–Գագիկ Ծառուկյան հանդիպում

ՀՔԾ–ում քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով` սուտ մատնության հատկանիշներով, հարուցված քրգործն ուղարկվել է ՀՀ գլխավոր դատախազություն` քննչական ենթակայության հարցը որոշելու նպատակով: