Հայաստանը նոր դեսպան ունի Հնդկաստանում. Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել

ՀՀ նախագահը հրամանագիրը ստորագրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 մարտի – Sputnik. Հնդկաստանում ՀՀ դեսպան է նշանակվել Յուրի Բաբախանյանը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի`
Յուրի Բաբախանյանին նշանակել Հնդկաստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Նյու Դելի)»,– նշված է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրում:

ՀՀ նախագահը փաստաթուղթը ստորագրել է մարտի 15-ին։

Հիշեցնենք` Արմեն Սարգսյանն այս տարվա փետրվարի 23-ին Արմեն Մարտիրոսյանին հետ էր կանչել Հնդկաստանի Հանրապետությունում, Բանգլադեշի Ժողովրդական Հանրապետությունում, Նեպալի Դաշնային Ժողովրդավարական Հանրապետությունում և Շրի Լանկայի Ժողովրդավարական Սոցիալիստական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից: