Հայաստանի իշխանությունն առաջարկում է ավելացնել ինքնավար արևային կայանների հզորությունը

Արևային կայանների առավելագույն հզորությունն ավելացնելու համար պետք է ստուգել՝ արդյո՞ք Հայաստանի էլեկտրացանցերը կհաղթահարեն ծանրաբեռնվածությունը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 մարտի - Sputnik.Հայաստանում բիզնեսի համար ինքնավար արևային կայանների առավելագույն հզորությունը կարող է 500 կիլովատից ավելանալ մինչև 2 մեգավատ: Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կազմած «Էներգետիկայի մասին» օրենքում համապատասխան փոփոխությունների նախագիծը ընդունվել է Ազգային ժողովում:

Այժմ տնային արևային կայանների առավելագույն սահմանը 150 կիլովատ է, բիզնեսի համար այս շեմը 2017 թվականին ավելացել է 150-ից մինչև 500 կիլովատ, հինգ տարի ժամկետով (մինչև 2022 թվականի վերջը):

Նման կայանների սեփականատերերը ոչ միայն էլեկտրականություն են վերցնում ցանցից, այլև մատակարարում են այն։ Եթե պարզվի, որ տարվա արդյունքներով սեփականատերն ավելի շատ է ուղարկել ցանց, քան ստացել է, ապա այդ հավելյալ ծավալի  դիմաց նա փոխհատուցում է ստանում։ Այս դրույթի շնորհիվ Հայաստանում արդեն մի քանի հարյուր նման կայաններ են հայտնվել։

Հաշվի առնելով, որ բիզնեսը մեծ հետաքրքրություն է ցուցաբերում կայանների տեղադրման ու լույսի գումարը խնայելու նկատմամբ, Հայաստանի կառավարությունն առաջարկել է բիզնեսի համար նման կայանների առավելագույն հզորությունը 500 կՎտ-ից հասցնել 2 ՄՎտ-ի (մեկ տարուց ավելի գործող ձեռնարկությունների համար):

Հայաստանն ու Իրանը քննարկում են «Գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց» պայմանագրի փոփոխությունները

Այդ դեպքում շուկայի կարգավորիչը (ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը) պետք է մի շարք տեխնիկական հարցեր քննարկի։ Մասնավորապես՝ էլեկտրացանցը դրա համար ամենուր չէ, որ ունի պատշաճ թողունակություն (մալուխներ ու ենթակայաններ)։

Դրա հետ մեկտեղ, էներգետիկայի զարգացման ազգային ռազմավարության համաձայն, մինչև 2024 թվականը նախատեսվում է ինքնավար արևային կայանների ընդհանուր հզորությունը հասցնել 100 մեգավատի, ընդ որում արդեն այսօր այն գերազանցում է 80 մեգավատը: Այդ հզորությունների հետագա ավելացմանը էլեկտրացանցը կարող է «չձգի», այդ պատճառով նույնիսկ 500 կիլովատ ներկայիս շեմը ժամանակավորապես կանոնակարգված է մինչև 2022 թվականի վերջը (մինչ այդ սահմանված կայանները կկարողանան շարունակել գործել):

Բացի այդ, եթե նման էլեկտրակայանների սեփականատերերը տարվա ընթացքում ավելի շատ են էլեկտրաէներգիա հանձնում, քան ստանում են, ապա «Հայաստանի էլեկտրացանցերը» գնում են նրանցից այդ ավելցուկը 22-24 դրամով՝ մեկ կիլովատ-ժամի դիմաց։ Դա գրեթե նույն գինն է, որով ցանցին էլեկտրաէներգիա են վաճառում կոմերցիոն արևային կայանները, որոնք, այնուամենայնիվ, ստիպված են լինում լիցենզիա ստանալ։ Ճիշտ է, գործող օրենքը նախատեսում է, որ ինքնավար կայանների դեպքում դրանց հզորությունը չպետք է գերազանցի տանը կամ ձեռնարկությունում եղած էլեկտրական սարքերի մոտավոր հզորությունը (որ բացառվի նման կայաններից էներգիայի կանոնավոր վաճառքը):

Նոր վագոններ մայիսից, էլեկտրագնացքներ` օգոստոսից. «Հարավկովկասյան երկաթուղին» կհամալրվի

Այնուամենայնիվ, հանձնաժողովն առաջարկում է ավելի մանրամասն ուսումնասիրել՝ արդյոք «Հայաստանի էլեկտրացանցեր» ընկերությունը ֆինանսական ու տեխնիկական հնարավորություններ ունի արևային էլեկտրաէներգիայի նոր ծավալներ ձեռք բերելու համար: