Նատալյա Դեմբինսկայա, ՌԻԱ Նովոստի
Էլի հին պատմությունը
Մարտի սկզբին հայտնի դարձավ, որ ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան ուզում են հերթական անգամ ուժեղացնել ճնշումը Մոսկվայի վրա, մասնավորապես արևմտյան ներդրողների զրկել ՌԴ պետական պարտատոմսեր գնելու հնարավորությունից։
Օվկիանոսից այն կողմ սա վաղուց էին քննարկում։ Փորձագետները երկու հնարավոր սցենար էին առանձնացնում․ առաջինը՝ դաշնային փոխառության բոլոր պարտատոմսերի (ԴՓՊ) արգելք, այդ թվում՝ արդեն ձեռք բերվածների, երկրորդը՝ միայն նորերի գնման արգելք։ Լիակատար էմբարգոն, իհարկե, ամենակոշտ տարբերակն է, բայց այն լուրջ վնաս կհասցներ ամերիկյան և եվրոպական ֆինանսական ընկերություններին։
Արդյունքում Վաշինգտոնը գերադասեց փոխզիջումը և 2019թ․-ի օգոստոսին «Սկրիպալների գործի» պատրվակով ամերիկյան բանկերին արգելեց մասնակցել ռուսական պետական թղթերի առաջնային բաշխմանը, ինչպես նաև վարկավորել Ռուսաստանի կառավարությանը։ Սակայն երկրորդային շուկայի գործարքներին դա չէր վերաբերում։
Այսպիսով, արտասահմանցիների համար ռուսական շուկա մտնելու հնարավորությունը պահպանվեց․ նրանք կարող են պարտապանական «գործիքներ» և արժեթղթեր գնել «կողքից»։
Սակայն ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դեմոկրատական կուսակցության թեկնածուի հաղթանակը փոխեց իրավիճակը։ «Մենք Ռուսաստանի նկատմամբ դիրքորոշման լուրջ կոշտացում ենք սպասում։ Բայդենի թիմում Մոսկվայի հանդեպ պարզապես ապշեցնող ատելություն է»,-գրում էր Financial Times-ը։ Մյուս կողմից, ինչպես նշում էին ամերիկյան ԶԼՄ-ները, Վաշինգտոնի զինանոցում Ռուսաստանի տնտեսությանը շոշափելի վնաս հասցնելու այնքան էլ շատ միջոցներ չեն մնացել։ Վերջիններից մեկը ռուսական պետական պարտատոմսերում ներդրումներ անելու արգելքն է։
Իսկ ահա Bloomberg-ը, հղում անելով իրավիճակին ծանոթ աղբյուրներին, հայտնում է․ «ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան լրացուցիչ հակառուսական պատժամիջոցներ են պատրաստում»։ Այս անգամ դրանք «Նավալնու գործի» հետ են կապված։ Եվ խոսքը մինչև իսկ «երկրի սուվերեն պարտքի դեմ ծայրահեղ միջոցառումների» մասին է։
«Եթե պարզվի, որ Ռուսաստանը կրկին խախտել է քիմիական զենքի օգտագործման միջազգային արգելքը, նախագահ Ջո Բայդենը այդ պատժամիջոցների հարցը կդիտարկի Եվրոպայի հետ համագործակցությամբ»,-մանրամասնում է գործակալությունը։
Թե կոնկրետ ինչի մասին է խոսքը, առայժմ պարզ չէ, բայց ԴՊՓ-ի երկրորդային շուկան հազիվ թե տուժի։Տնտեսական զարգացման նախարարությունից զգուշացրել են, որ դա առաջին հերթին կհարվածի արևմտյան ներդրողներին, խոշոր արժեթղթեր ունեցողներին։ Իսկ Ռուսաստանի համար բոլոր հնարավոր պատժամիջոցները կրիտիկական չեն։
Հիմա ԴՊՓ-ում արևմտյան ներդրողների մասնաբաժինը 23 տոկոս է։ Ինչպես ընդգծել է Տնտեսական զարգացման նախարար Մաքսիմ Ռեշետնիկովը, այդ ցուցանիշի փոփոխությունն ի զորու չէ լրջորեն բարդացնել երկրի ֆինանսական վիճակը։
«Ռուսաստանի պետական պարտքի հանդեպ կիրառված պատժամիջոցները մեծ հաշվով արևմտյան ներդրողներին են պատժում... ինչ-որ տատանումներ, իհարկե, հնարավոր են, բայց արմատապես դա ոչ մի բանի վրա չի ազդի»,-նշել է գերատեսչության ներկայացուցիչը։
«ԱՄՆ–ն պետք է բացատրի». Զախարովան մեկնաբանել է Ռուսաստանի մասին Բայդենի հայտարարությունը
Գլխավոր բացասական հետևանքը ռուբլու թուլացումն է։ Ռուսական արժույթի պահանջարկը ոչ ռեզիդենտների և արտասահմանցիների համար կնվազի։ Սակայն ՌԴ պետական պարտատոմսերից արևմտյան ներդրողների դուրս գալու ազդեցությունը կարճատև կլինի։
«Կարծում եմ՝ ամեն ինչ կսահմանափակվի ռուբլու անկումով՝ մինչև մեկ դոլարի համար 80 ռուբլի։ Վերջին մի քանի տարում մշտապես հնչող պատժամիջոցային հռետորաբանության ֆոնին Ռուսաստանը պատրաստ է այդպիսի քայլերին դիմակայել»,-նշում Համառուսական բիզնես կենտրոն ընկերությունների խմբի ղեկավար Սեմյոն Տենյաևը։
«Հիմա ռուբլին հինգ-յոթ տոկոսով ցածր է իր հիմնային արժենշումից, այսինքն՝ պատժամիջոցներն արդեն իսկ ներառված են ռուսական արժույթի գնի մեջ։ Դա չի բացառում արևմտյան կապիտալի խուճապահար ելքն ու ռուբլու և ֆոնդային շուկայի անկումը հինգ տոկոսով, բայց հետագա վերականգնմամբ»,-ասում է արդյունաբերողների և գործարարների Ռուս-ասիական միության նախագահ Վիտալի Մանկևիչը։
Շրջանցելու ուղիներ
Վերլուծաբանները հիշեցնում են նաև, որ ԴՓՊ-ով հետաքրքված արևմտյան ներդրողները վաղուց են օգտագործում հնարավոր սահմանափակումները շրջանցելու սխեման։
«Պատժամիջոցներն արդյունավետ են միայն դոլարով հաշվարկվող եվրոբոնդերի և Euroclear-ով ու Clearstream-ով դեպոզիտային հաշվառման համար, քանի որ միայն այդ դեպքում ԱՄՆ ֆինանսների նախարարության OFAC-ը (Արտասահմանյան ակտիվների վերահսկման վարչություն՝ ծնթ. խմբ) ի վիճակի կլինի վերահսկել դրանց կատարումը։ ԴՓՊ-ի արգելքն անօգուտ է, քանի որ այն ներդրողները, որոնց հետաքրքրում են այդ թղթերը, ոչ թե բուն ԴՓՊ-ներն են ձեռք բերում, այլ տոկոսային և արժութային swap-երը(վճարումների կամ ակտիվների փոխանակումները՝ ծնթ․խմբ․), որոնք կապված են ԴՊՓ-ի եկամտայնությանն ու «դոլար-ռուբլի» «ֆորվարդային» փոխարժեքներին»,-ՌԻԱ Նովոստիին բացատրել է «Спутник — Управление Капиталом» կառավարող կազմակերպության տնօրեն Ալեքսանդր Լոսևը։
Նրա խոսքով՝ եթե արևմտյան ներդրողներին արգելվի ԴՓՊ-ի ուղղակի գնումը, միջոցները կուղղեն միջնորդների միջոցով, այդ թվում՝ ռուս միջնորդների։
Պատժամիջոցներին դիմակայելու հնարավոր մեխանիզմներից մեկը հատուկ կարգավիճակ ունեցող ընկերությունների օգտագործումն է, որոնք չեն բացահայտում վերջնական շահառուներին։ Բացի այդ, ոչ ռեզիդենտներին ոչինչ չի խանգարում կրիպտոարժեքներ կամ այլ թվային ակտիվներ գործի դնել։