«Ազնավուր» հիմնադրամը շուրջ 105 տոննա օգնություն կտրամադրի Արցախյան պատերազմից տուժածներին

Ընդհանուր առմամբ «Ազնավուր» հիմնադրամի և վերջինիս շուրջ համախմբված գործընկեր կազմակերպությունների միջոցով Ֆրանիսայում և Շվեյցարիայում գտնվող 19 ընդունման կետերում հավաքագրվել է ավելի քան 175 տոննա մարդասիրական օգնություն:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 մարտի – Sputnik. «Ազնավուր» հիմնադրամն այսօր ընդունել է շուրջ 105 տոննա մարդասիրական օգնություն` Արցախյան երկրորդ պատերազմից տուժած բնակչության համար: Տեղեկությունը հայտնում են հիմնադրամի մամուլի ծառայությունից։

Ադրբեջանն արգելափակում է հումանիտար առաքելության մուտքը Լեռնային Ղարաբաղ. Ապիտոնյան

«Օգնության այս նոր խմբաքանակը ևս Հայաստան է ուղարկվել Ֆրանսիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարության «Ճգնաժամային աջակցության կենտրոնի» աջակցությամբ՝ ծովային ճանապարհով, այնուհետև ցամաքային ճանապարհով փոխադրվել Երևան: Հումանիտար բեռի մաքսազերծումը տեղում իրականացվել է «Ազնավուր» հիմնադրամի կողմից՝ կիրառելի օրենսդրությանը համապատասխան: Օգնության այս խմբաքանակը ներառում է բժշկական պարագաներ, մասնավորապես՝ ֆունկցիոնալ բժշկական մահճակալներ, ինչպես նաև հագուստ ու հիգիենայի պարագաներ»,–ասված է հաղորդագրության մեջ:

Տեղեկացվում է, որ ընդհանուր առմամբ, իր հումանիտար ծրագրի շրջանակներում «Ազնավուր» հիմնադրամի և վերջինիս շուրջ համախմբված գործընկեր կազմակերպությունների միջոցով Ֆրանսիայում և Շվեյցարիայում գտնվող 19 ընդունման կետերում հավաքագրվել է ավելի քան 175 տոննա մարդասիրական օգնություն:

Ճապոնիայի կառավարությունը Հայաստանին 3,6 մլն դոլարի հումանիտար օգնություն կտրամադրի

 «Այս մոբիլիզացիան հնարավոր է դարձել ավելի քան 50 կազմակերպությունների և 100 նվիրատուների միասնության, համերաշխության ու քրտնաջան աշխատանքի շնորհիվ: Հավաքագրված բեռի առաջին խմբաքանակը՝ 70 տոննա, Հայաստան էր ուղարկվել նոյեմբերից հունվարի ամիսներին՝ հատուկ չվերթներով»,–ասված է հաղորդագրության մեջ:

«Ազնավուր» հիմնադրամը համակարգում է բեռի նախնական պահեստավորումը և հետագա բաշխումը Հայաստանում:

Մինչ օրս Հայաստանի և Արցախի տարբեր մարզերում ապաստանած արցախցի ընտանիքների հետ աշխատող ավելի քան 20 տեղական կազմակերպությունների և մասնավոր նախաձեռնությունների միջոցով հիմնադրամը 15.663 փախստականի ապահովել է առաջին անհրաժեշտության իրերով (հագուստ, հիգիենայի պարագաներ, ծածկոցներ):