Արցախի ԱԳՆ–ն արձագանքել է Ալիևի հադրության այցին

Արցախի Հանրապետությունը միջազգային հանրությանը բազմիցս տեղեկացրել է Ադրբեջանի կողմից պետական մակարդակով իրականացվող մշակութային ահաբեկչության, նրա ռազմական օկուպացիայի տակ գտնվող տարածքներում հայկական մշակութային ժառանգության ոչնչացման մասին:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 մարտի – Sputnik.Արցախի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, նրա տիկնոջ` Ադրբեջանի առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիևայի և այլ բարձրաստիճան պաշտոնատար անձանց` Արցախի օկուպացված տարածքներ այցելելու կապակցությամբ։

ԱՄՆ–ն կկարողանա՞ լռեցնել Ալիևին. Հայ դատի հանձնախումբը նոր բանաձև է պատրաստել

Նշենք, որ օկուպացված տարածքներում գտնվելու ժամանակ նախագահ Ալիևն անձամբ հանձնարարել է իրեն ուղեկցող պաշտոնյաներին ջնջել միջնադարյան հայկական արձանագրություններն օկուպացված տարածքներում գտնվող եկեղեցիների և հուշարձանների պատերից։

«Բացարձակ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելով ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության տևական կարգավորմանն ուղղված շարունակական ջանքերի նկատմամբ՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն իր տիկնոջ՝ Ադրբեջանի առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիևայի և այլ բարձրաստիճան պաշտոնատար անձանց ուղեկցությամբ, այցելել է Արցախի Հանրապետության օկուպացված Հադրութի շրջան: Նման պաշտոնական այցերն Ադրբեջանի հայատյաց ու ռազմատենչ, քաղաքականության, ինչպես նաև հետագա ագրեսիվ պլանների մարմնավորումն են։ Այդ ցեղասպան քաղաքականությունը հանցագործություն է մարդկության դեմ, միջազգային նորմերի, դաշնագրերի, բանաձևերի և համաձայնագրերի կոպիտ խախտում և սպառնալիք ողջ քաղաքակիրթ աշխարհի համար»,–նշված է հաղորդագրության մեջ։

Արցախի Հանրապետությունը բազմիցս տեղեկացրել է միջազգային հանրությանն Ադրբեջանի կողմից պետական մակարդակով իրականացվող մշակութային ահաբեկչության, նրա ռազմական օկուպացիայի տակ գտնվող տարածքներում հայկական մշակութային ժառանգության ոչնչացման, ցեղասպանական ծավալապաշտական քաղաքականության կոպտագույն առաջմղման մասին:

Արցախի ԱԳՆ–ն կոչ է անում համապատասխան միջազգային կազմակերպություններին ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ կանխելու հայկական մշակութային ժառանգության ոչնչացումն ու դատապարտելու Ադրբեջանի ցեղասպան քաղաքականությունը: Նշվում է, որ անգործությունն ու անտարբերությունը կարող են անկանխատեսելի հետևանքներ ունենալ:

Հիշեցնենք` Լյուքսեմբուրգում և Նիդեռլանդներում Հայաստանի դեսպան Տիգրան Բալայանն ահազանգել էր, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Արցախի գրավյալ տարածքներից ջնջում է հայկականության հետքերը։ Բալայանը նման գրառում էր արել Twitter–ի իր էջում` հրապարակելով ամերիկաբնակ քաղաքագետ Սիմոն Մաղաքյանի գրառումը։

Նշենք, որ քաղաքագետ Սիմոն Մաղաքյանն էլ հրապարակել էր Ալիևի և նրա կնոջ` Մեհրիբան Ալիևայի լուսանկարները, որոնցում նրանք զննում են վանքերի պատերին արված հայկական զարդանախշերը։ Մաղաքյանն իր հերթին ահազանգել էր, որ ինչպես կանխատեսում էր դեռ նախորդ տարվա նոյեմբերին, Ադրբեջանը ջնջում է միջնադարյան հայկական գրությունները։

Նշենք, որ առնվազն 1 456 հայկական հուշարձան է մնացել Արցախի` ադրբեջանական կողմի վերահսկողության տակ անցած տարածքում։