ԱՄՆ–ում էլ են Սահմանադրություն խախտում, կամ հայը կարո՞ղ է այնտեղ նախագահ ընտրվել

​Եկեք անկեղծ լինենք։ Շատերն են Հայաստանում ձգտում ԱՄՆ-ի «Գրին քարտ» ստանալ, բայց դժվար թե որևէ մեկի մտքով անցնում է Ամերիկայի նախագահ դառնալու գաղափարը։ Ինչո՞ւ եմ որոշել հենց հիմա շոշափել այս ֆանտաստիկ թեման։
Sputnik
ԱՄՆ–ում էլ են Սահմանադրություն խախտում, կամ հայը կարո՞ղ է այնտեղ նախագահ ընտրվել

Որովհետև այս կիրակի օրը բրիտանական լրատվամիջոցներից մեկը՝ «Դեյլի մեյլ» թերթը, ենթադրություն արեց, թե բրիտանական թագավորական ընտանիքի անդամ Մեգան Մարքլը, որը մի քանի տարի առաջ ամուսնացել է արքայազն Հարրիի հետ, ցանկանում է մասնակցել 2024 թվականին կայանալիք ամերիկյան նախագահական ընտրություններին։ Հիմնավորումներից մեկն էլ սա է՝ ժամանակին նրա ընկերուհին ասել էր, թե Մարքլն ամուսնությունից հետո չհրաժարվեց ամերիկյան քաղաքացիությունից հենց այդ պատճառով՝ որպեսզի երեք տարի հետո աշնանը մասնակցի ԱՄՆ-ի նախագահական ընտրություններին։

«Գրին» քարտ չունեցանք, գոնե դեղին ստանանք

Որովհետև դժվար թե գործող նախագահ Ջո Բայդենը ցանկանա վերընտրվել 82 տարեկանում։ ​Համաձայնե՛ք, լուրջ քննարկման առիթ էլ չկա, մանավանդ, որ բոլորը գիտեն՝ «Դեյլի մեյլը» լոնդոնյան թաբլոիդներից է, այսինքն, այսպես կոչված՝ դեղին մամուլ։ Չնայած որոշ մեկնաբաններ կեսլուրջ-կեսկատակ ասում են. «Իսկ ինչո՞ւ ոչ, ամերիկյան քաղաքացիություն ունի , Ամերիկայում երկար տարիներ ապրել է և ի դեպ հիմա էլ է այդ երկրում աշխատում, դերասան է։ Է, կներեք՝ Ռոնալդ Ռեյգանը դերասան չէ՞ր։ Ջահե՞լ է, է, կներեք, Թեոդոր Ռուզվելտը 42 տարեկանում ընտրվեց նախագահ, 39 տարեկան Մեգանն էլ 2024 թվականին հենց այդքան կդառնա։ Թագավորական ընտանիքի անդամը քաղաքականությամբ չպիտի՞ զբաղվի։ Այո՛, նման խորհուրդ նա ստացել է, բայց դրանից հետո էլ պնդել է՝ ես միշտ գնացել եմ քվեարկելու ամերիկյան ընտրությունների ժամանակ և հիմա էլ կշարունակեմ գնալ։ Ճիշտ է, ամերիկացի վերլուծաբաններից մեկը նկատել է. «Ախր այդ կնոջը հում-հում կուտեն, չէ որ այստեղի դաժան ընտրապայքարին դիմանալու համար մարդ պիտի ռնգեղջուրի կաշի ունենա»։

Բայց այս հարցն էլ կարծում եմ, լիովին լուծելի է՝ պարզապես Մեգան Մարքլին պետք է հրավիրել Հայաստան, որպեսզի տեսնի, որ մեզ մոտ քաղաքական գործիչներին էն օրն են գցում, որ դիմանալու համար պիտի ոչ թե ռնգեղջյուրի, այլ կոկորդիլոսի կաշի ունենաս։ Թեև խոստովանեմ՝ կենսաբանությունից թույլ եմ և իրականում չգիտեմ` ում կաշին է ավելի հաստ՝ ռնգեղջյուրի՞նը, թե՞ կոկորդիլոսինը։ ​Հիմա կասեք՝ բայց այս ամենն ինչ կապ ունի այն հարցադրման հետ, որը հնչեցրեցի սկզբում. արդյոք  Հայաստանում ծնվածը կարո՞ղ է Ամերիկայի նախագահ դառնալ, թեկուզ տեսականորեն։

Ընդամենը երկու տառ, և կստանաք աշխարհի ամենատարածված բառը

Մի՛ շտապեք։ Այս հարցին ճիշտ պատասխանելու համար նախ պատասխանենք այն հարցին, թե ընդհանրապես ո՞վ կարող է դառնալ Միացյալ նահանգների նախագահ։ Ըստ իրենց Սահմանադրության՝ նախագահ կարող է դառնալ Ամերիկայի բնիկ քաղաքացին, որի 35 տարին լրացել է և որն առնվազն 14 տարի ապրել է Ամերիկայում։ Դե 35 տարեկանը խնդիր չէ, ինչպես նաև Ամերիկայում երկար տարիներ ապրելը։

Հանուն նախագահ դառնալու կբաժանվեի՞ք ամուսնուց, կամ տնից մեկը պիտի զբաղվի քաղաքականությամբ

Մի անգամ եղել եմ Ամերիկայում ու բազմաթիվ նախկին հայաստանցիների եմ հանդիպել, որոնք դեռ մութ ու ցուրտ տարիներին հասել են Լոս Անջելես ու Գլենդեյլ, քսան տարուց ավելի այնտեղ ապրել են, 35-ը վաղուց բոլորել են և վաղուց էլ Ամերիկայի քաղաքացիություն ունեն։ Հասանք ամենագլխավորին՝ ինչպիսի՞ քաղաքացիություն։ ​Ամերիկյան սահմանադրությունում հստակ գրված է. «natural born citizen»։ Կարո՞ղ եք թարգմանել այս անհասկանալի ձևակերպումը, որը ես ներկայացնում եմ որպես «բնիկ քաղաքացի», բայց շատերը ավելի հեռուն են գնում և պնդում՝ սա աներկբա նշանակում է, որ մարդը պետք է ծնված լինի Ամերիկայի տարածքում։

Բազմաթիվ մասնագետներ հարցնում են` համաձա՞յն եք այս պնդման հետ և ավելացնում՝ էդ դեպքում բացատրեք, խնդրեմ, թե ինչպես են իշխանությունները թույլ տվել նախագահական ընտրություններին մասնակցել սենատոր Ջոն Մքքեյնին, որը Պանամայի ջրանցքի գոտում էր ծնվել։ ​Նաև հիմնավորեք, խնդրեմ, թե ինչպես էր Մքքեյնից հետո նախագահության հավակնում Կանադայում ծնված Թեդ Քրուզը։ Երկուսն էլ ի դեպ կարող էին նախագահ դառնալ, սակայն բավական աջակցություն չստացան նախնական ընտրություններում։ Բայց էստեղ գիտե՞ք ինչն է ամենազավեշտալին։ Թեդ Քրուզի նախընտրական արշավի ժամանակ Ջոն Մքքեյնը հրապարակավ վրդովվում էր՝ բայց ինչպե՞ս կարելի է թույլ տալ, որ նախագահի պաշտոնին հավակնի մի մարդ, որը Ամերիկայի տարածքում չի ծնվել։ Չէ, դուք պատկերացնո՞ւմ եք։