Ահաբեկիչների ներկայությունն անընդունելի է. ի՞նչ են քննարկել իրանցի և հայ դիվանագետները

ՀՀ արտգործնախարարի տեղակալ Արտակ Ապիտոնյանն ու նրա իրանցի պաշտոնակիցը առանձնազրույց են ունեցել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 մարտի – Sputnik. ՀՀ արտաքին գործերի նախարարությունում տեղի են ունեցել հայ-իրանական խորհրդակցություններ։ Տեղեկությունը հայտնում են ԱԳՆ մամուլի ծառայությունից։ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Արմեն Ղևոնդյանի և ԻԻՀ ԱԳ նախարարի միջազգային իրավական հարցերով տեղակալ Մոհսեն Բահարվանդի միջև կայացած հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանի և Իրանի միջև առկա իրավապայմանագրային դաշտի ամրապնդման և ընդլայնման հարցերին։

Այվազյանն ու Շալենբերգը մտահոգություն են հայտնել զինյալ ահաբեկիչների տեղափոխման վերաբերյալ

«Քննարկվեցին երկու երկրների միջև համաձայնեցման փուլում գտնվող փաստաթղթերի նախագծերի շուրջ աշխատանքների առաջմղմանը, ինչպես նաև գործող պայմանագրերի արդիականացմանն առնչվող հարցեր։ Կողմերն անդրադարձ կատարեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային խնդիրներին, ընդգծեցին ահաբեկիչների ներկայության անթույլատրելիությունը՝ կարևորելով տարածաշրջանից վերջիններիս անհապաղ դուրսբերման անհրաժեշտությունը»,–նշված է հաղորդագրության մեջ։

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Արտակ Ապիտոնյանի և իրանցի իր պաշտոնակցի առանձնազրույցի ընթացքում հանգամանալից անդրադարձ է կատարվել միջազգային կազմակերպությունների շրջանակներում երկու երկրների միջև փոխգործակցության զարգացման հեռանկարներին։ Քննարկվել են մարդու իրավունքներին, մշակութային փոխգործակցությանը, միջազգային կազմակերպությունների շրջանակներում համատեղ աշխատանքին, ահաբեկչության դեմ պայքարին վերաբերող հարցերի լայն շրջանակ։

Կողմերը հատկապես բարձ են գնահատել ՀՀ և ԻԻՀ միջև ՅՈւՆԵՍԿՕ-ի հարթակում ձևավորված արդյունավետ համագործակցությունը, ինչի հիմքում ընկած են հայ-իրանական մշակութային և քաղաքակրթական կապերը։ Զրուցակիցներն անդրադարձել են նաև միջազգային քաղաքական օրակարգի մի շարք հիմնահարցերի։

Կտրուկ շրջադարձ. Իրանում կառուցվելիք տրանսպորտային միջանցքը կանցնի Հայաստանի տարածքով