ԵՐԵՎԱՆ, 18 մարտի – Sputnik.«Փաստինֆոյի» տեղեկություններով՝ ԱԱԾ աշխատակիցները երեկ այցելել են ՀՀ վարչական դատարանի դատավոր Մհեր Պետրոսյանին, որի վարույթում է քննվում ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի հայցադիմումը, և փորձել մուտք գործել դատավորի աշխատասենյակ։ Ընդ որում, այցը տեղի է ունեցել նախքան դատարանը քննության առարկա կդարձներ հայցի ապահովման միջոց կիրառելու մասին Օնիկ Գասպարյանի փաստաբանների միջնորդությունը։
Դատավորը ԱԱԾ աշխատակիցների այցի մասին անմիջապես տեղյակ է պահել ԲԴԽ -ին։ «Փաստինֆոին» հաջողվել է կապ հաստատել դատավոր Մհեր Պետրոսյանի հետ, որը հաստատել է տեղեկությունները՝ նշելով, որ ԱԱԾ աշխատակցներն իրոք այցելել են դատարան և ցանկացել հանդիպել իր հետ, ինչը ինքը մերժել է։
«Այո, նման այց եղել է, ես նրանց հետ չեմ հանդիպել առհասարակ, հրաժարվել եմ հանդիպումից՝ առաջարկելով անհրաժեշտության դեպքում հանդիպումը կազմակերպել միայն ԲԴԽ միջոցով և անմիջապես տեղյակ եմ պահել ԲԴԽ-ին»,- նշել է դատավորը և ավելացրել, որ ԱԱԾ աշխատակիցների այցելությունը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ արդեն հայտնի գործով կայացրել էր հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշումը և այն տեղադրվել էր դատական համակարգի ծրագրում։ Միաժամանակ նա հաստատել է մեր այն տեղեկությունը, որ այցը եղել է նախքան հայցի ապահովման միջոց կիրառելու մասին որոշումը։
Ինչ վերաբերում է ԲԴԽ արձագանքին, դատավոր Պետրոսյանը նշել է, որ այդ դեպքի հետ կապված ԲԴԽ-ին բավականին շնորհակալ է, նախ՝ մինչև այդ, երբ առավոտյան արդեն նման լուրեր են շրջանառվել, իրեն զանգել են, հետաքրքրվել, իսկ դրանից հետո տեղեկացրել են, որ ԲԴԽ բոլոր անդամները տեղյակ են և հարկ լինելու դեպքում, համապատասխան օրենքով սահմանված լծակների կիրառմամբ, իրենց լիազորությունները կիրականացնեն։ «Բայց բանը դրան չհասավ»,- ասել է դատավորը։
Վազգեն Մանուկյանն Օնիկ Գասպարյանին կոչ է անում չենթարկվել որևէ ապօրինի հրամանի
Հիշեցնենք, որ ՀՀ ԶՈւ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանը երեք հայցադիմում է ներկայացրել ՀՀ վարչական դատարան՝ վիճարկելով իրեն ԳՇ պետի պաշտոնից ազատելու որոշման իրավաչափությունը։ Ներկայացված հայցադիմումները մակագրվել են ՀՀ վարչական դատարանի դատավոր Մհեր Պետրոսյանին, որը վարույթ է ընդունել ներկայացված հայցադիմումներից մեկը և բավարարել դրա շրջանակներում ներկայացված հայցի ապահովման միջոց կիրառելու մասին միջնորդությունը։