ԵՐԵՎԱՆ, 17 մարտի – Sputnik. Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի խոսնակ Հակոբ Կարապետյանը տեղեկացնում է, որ խոստացված նոր ավտոբուսներն ուշանում են։ Այդ մասին նա գրել է Facebook–ի իր էջում։
«Քանի որ հայտարարել էինք, որ մեկ-երկու շաբաթը մեկ հաճախականությամբ նոր շարժակազմով շահագործվող երթուղիներ կունենանք, հարկ եմ համարում տեղեկացնել, որ ժամկետները փոքր-ինչ հետաձգվում են ավտոբուսների մատակարարի՝ ռուս-վրացական սահմանին ունեցած բարդությունների հետ կապված»,–գրել է նա։
Կարապետյանը հավելել է, որ Վերին Լարսի անցակետում մեծ հերթեր են, և կոմպակտ ավտոբուսների կոնտեյներները ևս այդ հերթի մեջ են։
«Հուսանք, որ հնարավորինս շուտ սահմանը կթեթևանա, ու նոր գծեր կշահագործվեն»,–գրել է նա։
Ի դեպ, քաղաքային նոր կոմպակտ ավտոբուսների լուսագրերն արդեն հայերեն են։