Վազգեն Մանուկյանի նկատմամբ հարուցված քրեական գործը դատարան է ուղարկվել. դատախազություն

Վազգեն Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածով և խափանման միջոց է կիրառվել չհեռանալու մասին ստորագրությունը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 մարտի – Sputnik. Հայրենիքի փրկության շարժման` վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանի նկատմամբ հարուցված քրեական գործը` մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազությունից։

Հերթական պատվերն են կատարում. պաշտպանը` Վազգեն Մանուկյանի նոր մեղադրանքի մասին

Քննչական կոմիտեն ավելի վաղ հայտնել էր, որ քրգործն ուղարկել են դատախազություն՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու և գործը դատարան ուղարկելու միջնորդությամբ։

Հիշեցնենք` մարտի 3-ին Բաղրամյան պողոտայում ընթացող հանրահավաքի ժամանակ ՀՅԴ–ական Գեղամ Մանուկյանը հայտնեց, որ Վազգեն Մանուկյանը ծանուցագիր է ստացել, որում նշված է` փետրվարի 20-ին քննչական կոմիտեն Քրեական օրենսգրքի 301–րդ հոդվածը քրեական գործ է հարուցել Մանուկյանի դեմ։ Նրա նկատմամբ կիրառվել է ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցը։

301-րդ հոդվածը սահմանում է, որ իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչեր անելը պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ կալանքով` երկուսից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով: