Այս տրամաբանությամբ Խաչատրյանը շարունակում է մնալ ԶՈւ ԳՇ պետի տեղակալի պաշտոնում. պաշտպան

ՊՆ պաշտոնյային աշխատանքից հեռացնելու շուրջ իրավական գործընթացը շարունակվում է։ Խաչատրյանի պաշտպանները նոր փաստաթղթեր են ներկայացրել Վարչական դատարան։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 մարտի — Sputnik. ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանի գործով պատասխանողը Վարչական դատարանում նախագահ Արմեն Սարգսյանն է։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Խաչատրյանի շահերի ներկայացուցիչ Վարուժան Ավետիքյանը։

«Նոր դիմում ենք մուտքագրել դատարան՝ Տիրան Խաչատրյանին պաշտոնից ազատելու ապօրինությունների վերաբերյալ։ Պատասխանող կողմում ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն է, պաշտպանություն նախարարությունը, վարչապետ Նիկոլ Փաշինյանը», – ասել է նա։

Ավետիքյանը նշեց, որ Տիրան Խաչատրյանին աշխատանքից հեռացնելու հրամանը հիմքեր չի ունեցել։ Բացի այդ ,հեռացնելուց հետո կատարում չի եղել։

«Անգամ սովորական մարդուն աշխատանքից ազատելուց հետո կատարում է լինում` վերջնահաշվարկ է արվում, մարդը իր գույքն է վերցնում, աշխատանքի վերաբաժանում է լինում։ Իսկ ստացվում է, որ ՊՆ բարձր պաշտոնյային, որը խիստ գաղտնի ինֆորմացիայի է տիրապետում, գործեր ունի իր ենթակայության տակ, որ պետք է հանձնի, կարելի է հենց այնպես, առանց կատարման ազատել», – ասաց Ավետիքյանը։

Տիրան Խաչատրյանի փաստաբանները Վարչական դատարանին կներկայացնեն նոր փաստաթղթեր

Նա նշեց, որ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանը մարտին ստորագրել էր Տիրան Խաչատրյանի արձակուրդի հրամանը, և երբ ՊՆ ղեկավար Վաղարշակ Հարությունյանը աշխատանքից ազատել է Խաչատրյանին, վերջինս արձակուրդում էր։

«Երբ մարդը արձակուրդում է, նրա հանդեպ իրավական գործընթացներ չի կարելի իրականացնել։ Այժմ իրավական կազուս է` Խաչատրյանը ո՛չ արձակուրդում է, ո՛չ արձակուրդից վերադարձել է, ո՛չ ռեզերվում է», – ասել է Ավետիքյանը։

Փաստաբանը նշեց, որ այս իրավական տրամաբանությամբ Խաչատրյանը շարունակում է մնալ ԶՈւ ԳՇ պետի տեղակալի պաշտոնում:

Հիշեցնենք` Տիրան Խաչատրյանին աշխատանքից ազատ արձակելու որոշումը նախագահը կայացրել է փետրվարի 24-ին ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկով։ Աշխատանքից ազատվելու պատճառը գեներալ-լեյտենանտի արձագանքն էր Փաշինյանի այն հայտարարությանը, թե «Իսկանդերի» հրթիռը մարտական գործողությունների ժամանակ պայթել է 10 տոկոսով:

Տիրան Խաչատրյանի հայցը վարույթ ընդունելը նրա պաշտոնանկության որոշումը կասեցնելու հիմք է

Yerevan.today կայքը մեկնաբանության համար դիմել էր Խաչատրյանին, վերջինս էլ ծիծաղելով նշել էր, որ նման հայտարարություններն ուղղակի անլուրջ են։

Խաչատրյանի պաշտոնանկությունից հետո Գլխավոր շտաբը հանդես է եկել վարչապետի հրաժարականի պահանջով հայտարարությամբ, որի տակ ստորագրել են ավելի քան 40 բարձրաստիճան զինվորականներ։

Վարչական դատարանը վարույթ է ընդունել Տիրան Խաչատրյանի դիմումը. ինչ է դա նշանակում