ԵՐԵՎԱՆ, 17 մարտի - Sputnik. Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն շատ բարդ գործողություն է համարում Ղարաբաղի հարցով Թուրքիայի հետ փոխգործակցությունը: Նա իր կարծիքը հայտնել է ղազախական Tengrinews.kz–ի հետ զրույցում։
Ինչպես հայտնի է, Ադրբեջանի տարածքում այժմ ռուս-թուրքական կենտրոն է տեղակայվել Արցախի հրադադարի ռեժիմի դիտարկման նպատակով։
Շոյգուն նշել է, որ Ռուսաստանի նախագահը տիտանական ջանքեր է գործադրել, որպեսզի Ղարաբաղի հարցով բոլոր պայմանավորվածություններն իրագործվեն:
«Ընդ որում՝ համոզելու կարիք է եղել բոլորին։ Այսինքն` չի եղել մեկը, որ ասի. «Ես համաձայն եմ, միայն թե նրանց համոզեք»: Մենք էլ մեր մակարդակով ենք խոսել թուրք գործընկերների հետ»,-ասել է նա։
Նախարարի խոսքով` այժմ ժամանակն է, որ Հայաստանն ու Ադրբեջանն արդեն անցնեն երկկողմ շփումների և սկսեն խոսել միմյանց հետ:
«Եվ այստեղ, իհարկե, շատ բան կախված է Ռուսաստանի և Թուրքիայի հարաբերություններից։ Հայտնվում են նաև նոր խաղացողներ, հայտնվում են հին հարևանները, բայց իրենց առաջարկներով (Ես նկատի ունեմ Իրանին): Դա վերաբերում է ենթակառուցվածքների զարգացմանը` երկաթուղի, հիդրոէներգետիկա, տրանսպորտային հաղորդակցություն։ Շատ հարցեր կան»,- ասել է Շոյգուն։
Պաշտպանության նախարարն ընդգծել է, որ ինքը` որպես Ռուսաստանի կառավարության ներկայացուցիչ, շուրջ 30 տարի ներգրավված է հետխորհրդային տարածքի հակամարտությունների կարգավորման գործում, բայց երբեք չի կորցրել վստահությունը, որ այդ բոլոր պետություններում խաղաղություն է լինելու։
Ղարաբաղի վերաբերյալ բոլոր պայմանավորվածություններն առայժմ իրագործվում են. Կրեմլ