ԵՐԵՎԱՆ, 17 մարտի – Sputnik. Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի և նրա որդու` Ռաֆիկ Հայրապետյանի պաշտպան Արման Մակինյանին այսօր հրավիրել էին ԱԱԾ։ Ինչպես Facebook–ի իր էջի միջոցով հայտնել էր Մակինյանը, նա ԱԱԾ է հրավիրվել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի օգնական Աննա Վարդապետյանի գործով բացատրություն տալու։
«ԱԱԾ-ում բաց տեքստով ասել և նաև բացատրությամբ շարադրել եմ հետևյալը. կա՛մ Նիկոլ Փաշինյանի օգնական Աննա Վարդապետյանի համակարգմամբ գործող հանցախմբի գործունեությունը լրիվ ծավալով բացահայտում եք դուք, կա՛մ դրանով զբաղվում եմ ես՝ մանրամասն և անկեղծ նկարագրելով հանցախմբի բացահայտման իմ պլանավորած քայլերը, որոնք չեզոքացնելու համար, ի դեպ, որևէ միջոց չկա»,–ԱԱԾ–ից դուրս գալուց հետո գրել է նա։
Մարտի 10-ին մեծ աղմուկ բարձրացրեց մի տեսանյութ, որտեղ երևում է, որ Աննա Վարդապետյանը միջամտում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի և նրա որդու` Ռաֆիկ Հայրապետյանի նկատմամբ հարուցված քրգործերի նախաքննությանը։ Տեսանյութում կարելի է տեսնել, որ գործով քննիչ Արթուր Այվազյանն էլեկտրոնային նամակագրությամբ հանձնարարականներ է ստանում Վարդապետյանից, մասնավորապես Ռուբեն Հայրապետյանին և նրա որդուն որպես մեղադրյալ ներգրավելու մասով։
Հայրապետյանի պաշտպան Ամրամ Մակինյանը Sputnik Արմենիային հայտնել էր, որ այս դեպքի առնչությամբ հաղորդում է ուղարկելու դատախազություն։
Հիշեցնենք՝ Ռուբեն Հայրապետյանը որպես մեղադրյալ է ներգրավել ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 5-րդ կետով (ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան տառապանք պատճառելը), 133-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 7-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից շահադիտական դրդումներով մարդուն առևանգելը) և 322-րդ հոդվածի 2-րդ մասով (ինքնիրավչություն):
Նրան մեղադրանք է առաջադրվել «Հարսնաքար» համալիրի գործադիր մարմնի ղեկավարի նկատմամբ առերևույթ կատարված ինքնիրավչության, նրան ազատությունից ապօրինի զրկելու, ֆիզիկական ուժեղ ցավ, հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու դեպքերի առթիվ քննվող քրեական գործով: Հայրապետյանի հանդեպ հետախուզում էր հայտարարվել։ Նույն մեղադրանքները ներկայացվել են նրա որդուն՝ Ռաֆիկ Հայրապետյանին, որին կալանավորելու միջնորդությունը մերժվել է, նա ազատության մեջ է։