Լատվիայի մշակութային գործիչները կոչ են արել Ադրբեջանին վերադարձնել հայ գերիներին

Լատվիայի մշակութային գործիչները կոչ են անում միջազգային հանրությանը միանալ իրենց մարդասիրական նախաձեռնությանը՝ դրանով իսկ օգնելով վերջին պատերազմի պատճառով ԼՂ–ում հումանիտար աղետի հաղթահարմանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 մարտի - Sputnik. Լատվիայի 50-ից ավելի հայտնի արվեստագետներ, մտավորականներ ու մշակութային գործիչներ հանդես են եկել հայտարարությամբ, որով կոչ են անում Ադրբեջանին արագացնել զոհերի մարմինների և ռազմագերիների ու գերեվարված անձանց վերադարձը Հայաստանին: Տեղեկությունը հայտնում է Լատվիայում, Լիտվիայում և Էստոնիայում ՀՀ դեսպանությունը` ֆեյսբուքյան իր էջում գրառում անելով։

Ադրբեջանում առնվազն 188 հայ գերի կա. ԱԳՆ խոսնակը հակադարձել է Բայրամովին

«Մենք` Լատվիայի արվեստագետներս, մտավորականներս ու մշակութային գործիչներս, միանալով մեր լիտվացի գործընկերներին, կոչ ենք անում Ադրբեջանի իշխանություններին չխոչընդոտել ռազմագերիների և գերու կարգավիճակում պահվող այլ անձանց, ինչպես նաև սպանված և զոհված զինվորների մարմինների անհապաղ վերադարձին ՀՀ: Մեր տեղեկություններով՝ Հայաստանն արդեն վերադարձրել է Ադրբեջանի բոլոր ռազմագերիներին»,–նշված է հայտարարության մեջ։

Արվեստագետները համոզված են, որ բոլոր ռազմագերիների առանց նախապայմանների և անհապաղ վերադարձը Ադրբեջանի և Հայաստանի միջև փոխվստահության վերականգնման համար անհրաժեշտ առաջնային քայլերից մեկն է:

Նրանք կոչ են անում միջազգային հանրությանը միանալ իրենց մարդասիրական նախաձեռնությանը՝ դրանով իսկ օգնելով վերջին պատերազմի պատճառով ԼՂ–ում հումանիտար աղետի հաղթահարմանը:

Շղթայակապ աղջիկներն ԱԺ-ի մոտ պահանջում են անհապաղ վերադարձնել գերիներին

Նշենք, որ այս հայտարարության տակ ստորագրել են հայտնի մշակութային գործիչներ Լաորիս Գունդարսը, Րաֆֆի Խարաջանյանը, Նորա Իկստենան, Մայա Կուլեն, Այնարս Ռոզեն, Մառա Զալիտեն և այլք։