Ժամկետային զինծառայողներին մի քանի դեպքում արձակուրդ կտրվի. ՊՆ

ՀՀ զինված ուժերում արձակուրդների սահմանափակումներ են գործում: Պաշտպանության նախարարությունը խնդրում է ըմբռնումով մոտենալ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 մարտի – Sputnik. Վերջին շրջանում COVID-19–ի հիվանդացության աճով պայմանավորված` ՀՀ զինված ուժերում արգելվել են ժամկետային պարտադիր զինծառայողների տեսակցությունները, արձակումները և արձակուրդները։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։

«Սահմանափակումները չեն գործում միայն «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի 6-րդ մասի 2-րդ ենթակետի հիմքով նախատեսված դեպքերում (ընտանիքի անդամի (կին, երեխա, հայր, մայր, քույր, եղբայր, տատ, պապ) մահվան դեպքեր)»,– նշված է հաղորդագրության մեջ:

ՊՆ–ն խնդրում է ըմբռնումով մոտենալ համաճարակային իրավիճակով պայմանավորված սահմանափակումներին։

Հիշեցնենք` Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 854–ով և հասել 180141–ի։